Մատչելիության հղումներ

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երիտասարդներ Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի և Գագիկ Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործով որպես վկա հրավիված Նարինե Միզորյանը ասաց, որ համոզված չէ, որ ամբաստանյալի աթոռին նստած երիտասարդները նույն մարդիկ են, ովքեր, ըստ տուժողի և մեղադրողի, 4 անգամ իր տնից 50 մետր հեռավորության վրա գտնվող դեզը փորձել են այրել։

Վկա Միրզոյանը տուժող կողմի՝ ազգությամբ եզդի Սիաբանդ Խուդոյանի կինն է։ Նա պատմում էր, որ հիշում է 3 անգամ դեպք, երբ ինչ-որ անծանոթ մարդ կամ մարդիկ գնացել և փորձել են այրել իրենց տնից 50 մետր հեռու գտնվող խոտի դեզը։

Հիշեցնենք, ըստ մեղադրողի, Արամ Մուղալյանը իր երեք ընկերների հետ գնացել է Արմավիրի մարզ, Նորապատ գյուղ և այնտեղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում առաջին անգամ այրել է խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, հաջորդ անգամ դեզի հարակից տարածքը, 3-րդ անգամ հակերից մեկը, պատճառելով 36 հազար դրամի վնաս, գնացել են նաև 4-րդ անգամ, բայց այնտեղ չգտնելով դեզը, հեռացել են։

Այսօր հարցաքննվող վկային հարցեր ուղղող փաստաբանները նկատում էին, որ հակասություններ կան վկա Նարինե Մրիզոյանի նախաքննական ցուցմունքներում և այսօր տրված հարցերի պատասխաններում։ Մասնավորապես, նախաքննության սկզբում նա և իր ամուսինը ասել էին, որ վնաս չէին կրել. խոտը ծխահարվել էր, բայց կենդանիներն, այնուամենայնիվ, կերել են։ Իսկ այսօր վկան ասում էր, որ խոտից վառելիքի հոտ էր գալիս, և 30 հակը ստիպված են եղել դեն նետել։ Միաժամանակ նա ասում էր, որ նախաքննական ցուցմունքի ժամանակ ամեն ինչ ճիշտ է ասել ու խնդրում էր դա հիմք ընդունել։

Միրզոյանը նաև ասաց, որ հունվարից հետո, երբ առաջին անգամ ինչ-որ մարդիկ եկել և կրակ են վառել իրենց տնից ոչ հեռու, շատ վախեցել են ու խորը «սթրես ապրել»։

Եթե մեղադրող կողմը պնդում է, որ երիտասարդները Խուդոյանի տնից ոչ հեռու, կրակ վառելով, փորձել են «զվարճանալ և ընդգծել իրենց առավելությունները», ապա երիտասարդների փաստաբանները չեն ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ չկա մի ապացույց, որ 4 երիտասարդները 4 անգամ գնացել են գյուղ ու փորձել խոտ հրկիզել։

Ըստ պաշտպանական կողմի՝ ենթադրաբար 4-րդ անգամ, երբ նրանց մեքենան տեսել է գյուղացիներից մեկը, նրանք պարզապես մեքենայով անցել են Արմավիրի մարզով ու ճանապարհին մի պահ կանգնել։ Պաշտպանների հաջորդ վարկածի համաձայն՝ երիտասարդների պետհամարանիշը բոլորվին պատահական է հայտվել գործում, որովհետև վկան նախ հայտնել էր մի պետհամարանիշի մասին, որն ընդհանրապես գոյություն չուներ, ապա ասել, որ սխալ էր հիշում և ճշտել։

Ամբաստանյալ Արամ Մուղալյանը, ով ուրբաթ օրվանից հացադուլ էր հայտարարել, այսօր ասաց, որ հրաժարվում է նաև ջրից և նորից միջնորդություն ներկայացրեց իր խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ երիտասարդները արդեն ավելի քան 5 ամիս քրեակատարողական հիմնարկում են։ Միջնորդությունը կբավարավի, թե ոչ, պարզ կլինի հաջորդ նիստին։
XS
SM
MD
LG