Մատչելիության հղումներ

logo-print

Պահեստազորի գնդապետը «շինծու» է որակում իր մեղադրանքը


Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում, արխիվ

Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում, արխիվ

Խոշոր չափերի խարդախության համար կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարում է, որ «իր քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբը իրեն բանտարկել է շինծու մեղադրանքով»։

Երկու ամսվա նախնական կալանքի ենթարկված Ավետիսյանը, հիշեցնենք, մայիսին նստացույց էր հայտարարել Ազատության հրապարակում՝ պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական պայմանները։ Ավետիսյանին հետագայում միացան նաև այլ ազատամարտիկներ։

Համաձայն պաշտպանության նախարարության սեպտեմբերի 20-ին տարածած հաղորդագրության՝ Ավետիսյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար։

Երկուշաբթի տարածած հայտարարության մեջ Ավետիսյանը խստորեն քննադատում է իշխանություններին՝ նրանց մեղադրելով «հանուն իրենց անձնական և խմբակային շահի պետականությունը չհարգելու, չընդունելու» մեջ և կոչ անում իր մարտական ընկերներին և ժողովրդին` «ոչ մի դեպքում չնահանջել և միանալով ազգային-ազատագրական պայքարին՝ իրականություն դարձնել ազգային պետության կառուցման երազանքը»։

«Երբ ամիսներ առաջ իմ մարտական ընկերների հետ միասին սկսեցի պայքարել ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի համար, նպատակ ունեի նաև ինչ-որ չափով նպաստել մեր պետականության ամրապնդմանը: Այդպես էի մտածում, որովհետև համոզված էի և այժմ էլ համոզված եմ, որ պետականությունը հենվում է այն կերտած մարդկանց վրա: Մեր երկրի պարագայում այդ մարդիկ ազատամարտիկներն են: Եվ եթե ազատամարտիկներն արժանապատիվ կյանքով չեն ապրում, եթե անտեսված են ու մոռացված, ուրեմն վտանգված է նաև պետականությունը: Ուստի մեր պայքարը, սոցիալական լինելով հանդերձ, խորքում ազգային-պետական արմատներ ունի և այդ պատճառով շատ ավելի քաղաքական է, քան, օրինակ, կուսակցությունների գործունեությունը և միջկուսակցական պայքարը: Պայքարի սկզբում ես և իմ ընկերները գիտակցում էինք, որ պետական համակարգն արատավոր է: Միևնույն ժամանակ, հույս ունեինք, որ ազատամարտիկների` փողոց ու հրապարակ իջնելը կսթափեցնի օրվա կառավարիչներին և նրանք կսկսեն համապատասխան քայլեր ձեռնարկել: Զինծառայության ավելի քան երկու տասնյակ տարիների ընթացքում շատ բան էի տեսել, բայց չէի պատկերացնում, որ պետական համակարգը հասել է քայքայման ու ինքնափլուզման շեմին»,- հայտարարում է Ավետիսյանը։

«Ինձ համար այլևս փաստ է, որ մենք չունենք ազգային պետություն: 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել: Այն, ինչ այսօր կոչում են պետություն, իրականում մեր ժողովրդին կեղեքող ու մեր պետականությունը կործանող մի համակարգ է, որը նման է իր տակի ճյուղը կտրող մարդու: Եթե նրա ձեռքը չբռնենք, բոլորս միասին կործանվելու ենք: Իսկ այդ ձեռքը կարող ենք բռնել միայն ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելով և ազգային պետություն կառուցելով: Այս մասին վերջին շրջանում բազմիցս բարձրաձայնել եմ և արդեն պատրաստվում էի հանդես գալ պայքարի սոցիալական դրոշը ազգային-պետական բնույթի քաղաքականով փոխարինելու նախաձեռնությամբ: Մտադիր էի իմ աջակցությունը հայտնել Նախախորհրդարանին, քանի որ նա է պարզել ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելու և հայկական պետություն կառուցելու դրոշը: Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով՝ վարչախումբը ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչև հաղթանակ»,- ասված է Ավետիսյանի հայտարարությունում։
XS
SM
MD
LG