Մատչելիության հղումներ

Կառուցապատող ընկերությունն առայժմ հրաժարվում է փոխհատուցումներ վճարել


Նար-Դոսի 121 հասցեում իրականացված քանդման աշխատանքների հետևանքով վնասվել են մի շարք հարակից տներ, որոնց բնակիչներին կառուցապատող ընկերությունն առայժմ հրաժարվում է փոխհատուցումներ վճարել։

Նար-Դոսի 123/ 3 տան բնակիչ Սեդա Համբարձումյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ իրենց տունը կառուցվել է դեռևս 1930-ականներին և այս շինարարության հետևանքով հայտնվել է վթարային վիճակում։

«Այն կողմից, որ անընդհատ սկսել են քանդել, տան հիմքն ամբողջովին խախտվել է և այդ տանն ապրելն արդեն անհնար է և շատ վտանգավոր: Տանն ունենք երեխա, որի համար ես շատ վախենում եմ», - ասաց Համբարձումյանը։

Բնակչի խոսքով, իրենք մոտ տասը օր` մինչեւ հիմքի փորման աշխատանքների ավարտը, անցկացրել են դրսում։

Բնակիչ Լյովա Համբարձումյանը պատմում է, որ սեփականատերը նախօրոք հավաքել է հարեւանների ստորագրությունները՝ Քաղաքապետարան ներկայացնելու եւ շինթույլտվություն ստանալու համար։ Ինքն էլ եղել է ստորագրողներից ու համաձայնություն տվողներից մեկը, իսկ արդյունքում, ահա, հայտնվել է թյուրիմացության մեջ։

«10 մետր քանդել, իջել ես, 10 օր է քանդում ես, դետոնացիա է տալիս սենյակը, տունը չես կարողանում նստել, պատ կդիմանա՞։ Ինքն ասում է ես քո պատին չեմ կպել։ Դե դա էլ իմ լավությունն է, ամեն ինչ խափեցին, արեցին, հիմա էլ տունս քանդում են։ Բայց ո՞ւմ պետք է բողոքենք, ո՞վ է սրա դեմն առնողը», - վրդովված ասաց Համբարձումյանը։

Բնակիչները հավելում են, որ վնասվել է նաև հեռախոսագիծը, որը թե մեկ օրում վերականգվել է, սակայն փողոցը դրանից հետո մնացել է անբարեկարգ վիճակում։ Իսկ փողոցը, նշենք, ասֆալտապատվել է ոչ թե քաղաքապետարանի կամթԹաղապետարանի, այլ բնակիչների միջոցներով։

Այսօր նշված՝ Քրիստափորի եւ Մաքսիմ Գորկու փողոց տանող ճանապարհը փակ է։ Բնակիչները մտավախություն ունեն, որ շինարարության ժամանակ նեղացնելու են նաեւ ճանապարհը, արդյունքում խնդիրներ առաջացնելով հրշեջ, շտապօգնության մեքենաների ելումուտի համար:

Կառուցվող շենքի սեփականատիրոջ ամուսինը՝ Էմիլ Սարոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղի ունեցածը որակեց «նախանձության արդյունք»` նշելով, որ, օրինակ, վերևի տան բնակիչը ցանկություն ունի տունը շուկայականից թանկ գնով վաճառել իրեն, մինչդեռ ինքն այն գնելու ցանկություն չունի։

Սարոյանն ասում է որ իրենց հին տան օրինակով կառուցում է նոր տուն, չի փոխել ոչ մակերեսը, ոչ էլ տան բարձրությունը։ Հետեւաբար բացառում է լույսը կամ մուտքերը սահմանափակելու հանարավորությունը։ Ինչ վերաբերում է տներին պատճառած վնասին, ապա, ըստ նրա, անձամբ մտել և ուսումնասիրել է, համոզված է, որ դրանք իր շինարարության արդյունքում վնասվել։

«Եթե ես ինչ-որ մեկին վնաս եմ պատճառել, ես պարտավորվել եմ փոխհատուցել, բայց եթե իմ շինարարությունը ինչ-որ մեկին ինչ-որ բանով չի վնասում, ինչո՞ւ ես պետք է փոխհատուցեմ։ Եթե խոսքը վերաբերում է վնասին, հատուկ չենք քանդել մեր տան պատերը, մենք մեր սեփականությունը փոքրացրել ենք, որպեսզի չվնասենք հարևանի պատերին», - նշեց Սարոյանը։

Ինչ վերաբերում է փողոցին ու ասֆալտապատմանը, Սարոյանը վստահեցրեց, որ փողոցը իր չափերով պահպանվելու է, սակայն ասֆալտապատումն իր խնդիրը չէ. - «Սյունը «Արմենթել»-ի սեփականությունն է, իրենք եկել քանդել, ապամոնտաժում են, ուրեմն իրենք էլ պետք է ասֆալտապատեն»։

Անդրադառնալով տներին հասցրած վնասների փոխահոտուցմանը, Սարոյանը վստահեցրեց, որ շինարարության ավարտից հետո կհրավիրի փորձագենտերի եւ եթե պարզվի, որ իսկապես ճաքերը շինարարության արդյունք են, անպայման կփոխհատուցի:

Քաղաքապետարանից էլ բնակիչներին ասել են, որ նամակին կպատասխանեն 10-ն օրյա ժամկետում։ Իսկ բնակիչներից Սեդա Համբարձումյանը նշում է. - «10 օրվա ընթացքում մենք կարող ենք մեր տանից զրկվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG