Մատչելիության հղումներ

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Նյու Յորքում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։

Նախարարները գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի վրա գտնվող փոխշահավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրա վկայություններից է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի Ազգային ժողովի և Իրանի Մեջլիսի միջև համագործակցությանը, կարևորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը։

Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային բնագավառներում համագործակցության վերաբերյալ։

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը՝ կարևորելով այդ ուղղությամբ արձանագրված դրական միտումները։

Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Այս համատեքստում Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG