Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Բոլոր հակամարտությունները պետք է խաղաղ լուծում ունենան»


ԱՄՆ - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում, Նյու Յորք, 28-ը սեպտեմբերի, 2013թ․
ԱՄՆ - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում, Նյու Յորք, 28-ը սեպտեմբերի, 2013թ․

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՄԱԿ-ում՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և սիրիական ճգնաժամին:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շաբաթ օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում։

Իր ելույթի ներածական հատվածը սկսելով ֆրանսերենով, Հայաստանի արտգործնախարարն այնուհետև անգլերեն է շարունակել` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և սիրիական ճգնաժամին:

«Չնայած այն փաստին, որ մեզնից շատերը հասկանում են, որ բռնության և ահաբեկչության բացառումը խիստ կարևոր է խաղաղ, կայուն և զարգացող հասարակություն կառուցելու համար, այնուամենայնիվ, աշխարհի շատ երկրներում դա շարունակում է անհասանելի երևույթ մնալ», - հայտարարել է Նալբանդյանը։

«Հայաստանը շարունակում է տագնապել Սիրիայում հումանիտար իրավիճակի վատթարացումից, փախստականների հոսքը Սիրիայից Հայաստան շարունակվում է և այն արդեն հատել է 10 հազարի սահմանը: Սակայն տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են մնալ այդ երկրում, որը իրենց երկրորդ հայրենիքն է դարձել 1915 թվականի ցեղասպանությունից հետո, և անտանելի պայմաններում նրանք պայքարում են իրենց գոյատևման համար` իրենց սիրիացի համերկրացիների հետ», - ասել է Նալբանդյանը։

«Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որ հիմնված է Ժնևում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համաձայնության վրա», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը և հույս հայտնել, որ այն կհանգեցնի սիրիական ճգնաժամի խաղաղ լուծմանը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ բոլոր հակամարտությունները պետք է խաղաղ լուծում
ունենան:

«Մենք համոզված ենք, որ չկա այլընտրանք հակամարտությունների խաղաղ լուծմանը, և դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք և վճռականություն: Երեք ամիս առաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները նոր հայտարարություն տարածեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ` Էնիսկիլենում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում: Հայաստանում մենք ողջունեցինք հայտարարությունը, ասելով, որ ինչպես և եռանախագահները՝ մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին 5 տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար», - հայտարարել է Նալբանդյանը՝ շարունակելով. - «Մենք կիսում ենք համանախագահների կարծիքը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը»:

«Մենք բացարձակ միակարծիք ենք, որ ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղությանը և ոչ պատերազմին: Ցավոք սրտի, Ադրբեջանի ղեկավարությունն անում է հակառակը՝ ամեն օր ավելացնելով հակահայ հռետորաբանությունը, դրա համար օգտագործելով նույնիսկ ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնը:
Մենք համաձայն ենք համանախագահ երկրների հետ, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, և միայն բանակցային ճանապարհով կարգավորումը կարող է խաղաղություն և կայունություն բերել, մինչդեռ Ադրբեջանը հարձակողական սպառազինությունների զանգվածային կուտակումով լրջորեն վտանգում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։ - «Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հավասարությանը»:

Էդվարդ Նալբանդյանը նաև իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարը և ավելացրել է իր ագրեսիան և ռազմական գործողությունները թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի նկատմամբ` օգտագործելով տխրահռչակ ահաբեկչական խմբերի հետ կապակցված վարձկանների:

«Չնայած Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե միջազգային հանրությունը կիսում է իր տեսակետը, և որ ինքն էլ կիսում է միջազգային հանրության մոտեցումները, սակայն իրականում Ադրբեջանը շարունակաբար մերժում է միջնորդների բոլոր առաջարկները, ավելին՝ պարբերաբար սադրանքներ է հրահրում շփման գծում», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Նախորդ նստաշրջանի ընթացքում ես խոսեցի Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակման ու հերոսացման մասին, որ խստորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից, սակայն անգամ այսօր` այդ դեպքից մեկ տարի անց, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ այն, ինչ իրենք արել են, շատ լավ է, և անգամ համարձակվում են քննադատել միջազգային հանրությանը: Սա հստակ ցույց է տալիս, որ լավի և վատի մասին Ադրբեջանի ղեկավարության և միջազգային հանրության պատկերացումների տարբերությունը գնալով խորանում է», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։

Նա իր ելույթում հիշել է նաև ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսիի դեմ պետական մակարդակով կազմակերպված հալածանքները` միայն այն պատճառով, որ նա իր գրքում անդրադարձել էր հայերի ջարդերին Բաքվում ու Սումգայիթում: Այլիսլիի գրքերը հրապարակայնորեն այրվեցին, իսկ գրողը ստիպված եղավ լքել երկիրը մահվան սպառնալիքների պատճառով, հայտարարել է Նալբանդյանը:

Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցմանը՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային սկզբունքների և նորմերի համաձայն կարգավորման ուղղությամբ, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG