Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին


Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին։

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավելի սիրիահայերի, իսկ Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են ապրել ճգնաժամի պայմաններում։

Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդում սիրիական քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը և կարևորել հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը հանդիսանում են առանցքային գործընկերներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարում, որոնք համաեվրոպական այդ կառույցում Հայաստանի նախագահության առաջնայնություններից են։

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG