Մատչելիության հղումներ

Տեսախցիկները ֆիքսել են Խոսրովի արգելոցի տեսուչի սպանությունը


Խոսրովի արգելոցի տեսուչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի սպանությունը առեղծված է և արգելոցի աշխատակիցների ու ղեկավարության, և նրա համագյուղացիների՝ գառնեցիների համար։

Մեզ հետ զրույցներում բոլորը տարակուսած էին՝ ի՞նչը կարող էր սոցիալապես խիստ անապահով, անտուն և այս աշխատանքով հազիվ օրվա հացը վաստակող մարդուն մի կրակոցով սպանելու պատճառը լինել։

Հանցագործը դեռ չի հայտնաբերվել։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունն է ընթանում։

Դեպքը պատահել է երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության՝ երեկոյան ժամը 8-ն անց 50-ի սահմաններում, Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ։

Երեք ամսվա աշխատող Մխիթար Սեդրակյանը մենակ է եղել արգելոցի Գառնիի տեղամասի պահակատանը։ Ինչպես մեզ պատմեց Խոսրովի արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը իրենց տեղեկություններով, շան հաչոցը լսելով, տեսուչը դուրս է եկել և անմիջապես դիմացից՝ 10-15 մետր հեռավորությունից որսորդական հրացանով կրակել են։ Այդ տարածքում տեղադրված չորս տեսախցիկները ֆիքսել են կատարվածը. տեսագրությունները տրամադրվել են ոստիկանությանը, մանրամասներ չեն գաղտնազերծվում։

Որևէ վիճաբանություն, ըստ տնօրենի, չի նախորդել դեպքին, ինչը հիմք է տալիս ղեկավարությանը ենթադրելու, որ հատուկ տրամադրված եկել են նրան սպանելու. - «Ութն անց 56 րոպե 14 վայրկյան... իր պահակատնակից դուրս է եկել, և դիմացից կրակել են, գնդակը կպել է ուղիղ սրտին։ Ինձ թվում է, նշանառու կրակոց է եղել»,- ասաց Հովակիմյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե՝ դա թշնամո՞ւ արած է, թե՝ որսագողի, պատասխանեց. - «Առաջին զանգից հետո ինձ մոտ տպավորություն էր, որ հաստատ որսագողեր են եղել, ինքը ցանկացել է ստուգի, կամ չի ուզել թողնի, կամ ճանաչել է, ուղղակի սպանել են, որ չբացահայտվի։ Բայց երբ տեսնում ենք, որ չկա որևէ մեկի հետ վիճաբանություն, չկա տարածքում որևիցե մեկը, այլ մի կրակոց է իր վրա, դա արդեն լրիվ փոխում է կարծիքը, որ չկա որսագողի խնդիր։ Այնուհանդերձ, ես չեմ կարող ոչինչ ասել, քննություն է գնում, ինձ համար էլ է անհասկանալի, նման խելոք, խեղճ մարդը երբեք թշնամի չէր կարող ունենալ, բայց նաև չի բացառվում, որ դա կարող էր նաև թշնամություն լինել։ Մի կրակոց է եղել, փամփուշտները չեն հայտնաբերվել, որովհետև որսորդական հրացանի փամփուշտը չի ընկնում ներքև, մնում է փողի մեջ։ Երեք ամսվա աշխատող էր, ծայրահեղ վատ ապրող ընտանիք էր»,- ասաց տնօրենը։

Արգելոցի անվտանգության ջոկատի աշխատակիցներն են հաջորդ օրն առավոտյան ժամը 6-ի սահմաններում հայտնաբերել Մխիթար Սեդրակյանի դիակը, երբ մտել են Գառնիի պահակակետ և անմիջապես կանչել են ոստիկանությանը։ Արգելոցի տնօրենի հավաստմամբ, տարօրինակն այն է, որ ոչ կրակոցից առաջ, ոչ հետո տարածքում որևէ շարժ չի նկատվել, համենայնդեպս տեսախցիկները մարդու կամ ավտոմեքենայի շարժ չեն ֆիքսել 20-նն անց 56 րոպեից մինչև առավոտյան անվտանգության աշխատակիցների գալը։ Նախնական տեղեկություններով, ճանապարհին ձիու հետքեր կան։ Հարցին, թե՝ այսինքն կրակողը մնացել է անտառո՞ւմ, Հրաչյա Հովակիմյանը պատասխանեց. - «Առաջին ուղեփակոցը անտառի փեշին է գտնվում, շատ մոտ է Գառնի գյուղին, մի գետ է բաժանում ու ձորերը։ Ինքը կարող էր անտառ չմտնել, կարող էր կրակել, հետ դառնալ գնալ։ Անկյունի վրա՝ հենց դիմացից, կրակել է, անտառի մեջ չէ դա, չի խորացել անտառի մեջ։ Կան տեսախցիկներ, մնացածը ոստիկանությունը կպարզի»։

Արգելոցի տնօրենը սպանության՝ որսագողերի կողմից կատարված լինելու հնարավորությունը կասկածի տակ է առնում նաև այն հիմնավորմամբ, որ 24 հազար հեկտար տարածք ունեցող արգելոցը ցանկապատված չէ և արգելոց տանող բազմաթիվ այլ ճանապարհներ կան, ուստի մուտքի ուղեփակոցին մոտենալու և տեսուչին սպանելու անհրաժեշտություն պարզապես չկար։

«Արգելոցների տարածքի ցանկապատումը, ըստ կանոնադրության, արգելված է»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստների՝ Խոսրովի արգելոցում անարգել որս անելու մասին հրապարակումներին, Հրաչյա Հովակիմյանը վրդովված հակադարձեց, որ համենայնդեպս վերջին մեկ տարում՝ ի պաշտոնավարումից ի վեր, նրանց մուտքն այս տարածք արգելված է։

Մխիթար Սեդրակյանի հայրենի Գառնի գյուղում ցնցված էին այս սպանությունից: «Ազատություն» ռադիոկայանի բոլոր զրուցակիցները նրան բնութագրում էին որպես խեղճ և միամիտ մարդ, որը որևէ թշնամի պարզապես չէր կարող ունենալ․ չորս զավակների հայր էր, որդին զինծառայող է, վարձակալած տանն են ապրում: Սեդրակյանի հուղարկավորությունը եղբոր տնից կազմակերպվեց։

Գառնեցիները համոզված էին, որ նրա սպանությունը ինչ-որ հետքեր թաքցնելու նպատակ է հետապնդել. - «Շատ հրաշալի, բարի, խելոք, մեղք մարդ, կամեցող ու միամիտ, նրանից վատ արարք տեսնեինք, չէինք հավատա։ Այստեղ հետք թաքցնելու միտում է եղել։ Միգուցե հետքը ցրելու համար նրա գլուխը պետք է ուտեին։ Բայց դա չի կապվում որսագողության հետ, միգուցե անտառում միառժամանակ առաջ մի բան է տեսել, որպեսզի գաղտնիքը դուրս չգա՝ սպանել են, կամ հերթափոխի փոփոխություն եղած լինի, ուրիշի սպանելու նպատակ ունեցած լինեին, բայց իր հերթափոխը եղած լիներ.. Դա մեր կարծիքն է, գուցե այդպես չէ՞։ Որովհետև այս խեղճը իր գոյությունն էր հազիվ պահում, վարձով էլ ապրում էր, ամուսնալուծված էր, մեկ տան վարձը տալիս էր, մեկ՝ չէր կարողանում տար, վռնդում էին տանից»,- ասում էին համագյուղացիները,- «Այ այստեղ կերևա իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը, սա Լոս Անջելեսը չէ, մի փոքր թաղ է, եթե չբացահայտեն, կեզրակացնենք, որ պոչը տանում է դեպի վերևներ։ Բա էլ ի՞նչ պիտի ասենք, բա սա ի՞նչ մեծ հանցագործություն է, որ չբացահայտվի։ Գրանցված զենքով մարդ է եղել, «Ջագան» տեսակի որսորդականով, որով արջ են որսում, կրակողն էլ պրոֆեսիոնալ մարդ է եղել՝ մի գնդակով խփել է ուղիղ սրտին»։

Գառնեցիներից ոմանք էլ վստահ էին, որ այս սպանությունը չի բացահայտվի.

«Չէր կարող ինքը թշնամի ունենալ, անհնար է։ Սա ինչ-որ մեկի քմահաճույքի բան էր, մարդը ուղղակի հանել գյուլլել է։ Կա այդ հանցագործ համակարգը, որ կարող են մարդուն ուղղակի գյուլլել ու անցնել գնալ։ Ինչ ուզում՝ անում են, ոնց ուզում՝ անում են, արդեն կենդանիներից անցել են մարդկանց էլի»,- ասում էին զրուցակիցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG