Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 28-ի մամուլ


«Հրապարակ» թերթի թղթակիցն ապշահար է եղել գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հանդեպ Ազգային ժողովում ցուցաբերված միահամուռ ջերմ վերաբերմունքից: Թերթի խմբագրականում կարդում ենք․ - «Մի պարզ բացատրություն ունի այս «առեղծվածը»՝ նրանք բոլորը մահկանացուներ են, բազում արատներով, սխալներով, զանցանքներով ու հանցանքներով և չեն ուզում 6 տարի շարունակ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող անձի թշնամանքը ձեռք բերել էս գլխից: Հետո հազար հարց է ծագելու՝ բիզնեսի, որդիների-հարազատ-բարեկամների համար միջնորդելու, երեսատեղ են թողնում, որ կարողանան հետագայում դիմել նրան ու հարցեր լուծել: Այս «ախպերական» հարաբերությունները, քավոր-սանիկությունն ու իրար հետ «արիշ-վերիշների» մեջ լինելն էլ հենց մեր տունը քանդում է: Երբ հնարավոր է դառնում «հարցեր լուծել», օրենքը շրջանցել, ոմանց մերձավորներին ազատել պատասխանատվությունից, հասարակության մեջ վերանում է արդարություն կոչվող հասկացությունը: Մարդիկ տեսնում են, որ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Եվ անարդարության այս սուր զգացումն է, որ մարդկանց հիասթափեցնում է սեփական հողից ու պետությունից, ստիպում փնտրել ավելի արդար ու ավելի արժանապատիվ կյանք: Այնպես որ, երբ այս նույն ընդդիմադիրները կոկորդիլոսի արտասուք են թափում, թե երկիրը դատարկվում է, արտագաղթը՝ ուժգնանում, նրանց հարկավոր է հիշեցնել, թե երբ, որտեղ, ինչպես է սրա-նրա համար գործ «դզել», սրան-նրան ազատել քրեական պատասխանատվությունից կամ անարժանիորեն տեղավորել բարձր պաշտոնի, հարկերը թաքցրել և այլն, և այլն»:

«Ժամանակ» թերթը զրուցել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի օգնական Պիտեր Ստանոյի հետ: Թերթի հետ զրույցում նա վերահաստատում է Ֆյուլեի հայտնած միտքն այն մասին, որ Եվրամիությանը մտադիր է շարունակել իր քաղաքական համագործակցությունը Հայաստանի հետ այն մակարդակով, որը համապատասխանում է Հայաստանի հավակնություններին, իսկ ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ իրենք բանակցել են Հայաստանի հետ, նրա պնդմամբ, հնարավոր չի լինի, քանի որ այն համատեղելի չէ Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի ցանկության հետ, գրում է «Ժամանակը» և շարունակում, - «Սակայն Պիտեր Ստանոն նաև նկատեց, թե չափազանց վաղ է հայտարարել Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովում հնարավոր փաստաթղթի ընդունման մասին: «Բայց ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ սկսել ուրվագծել պայմանագրային ապագա բազան՝ Հայաստան - ԵՄ համագործակցության համար, որը համատեղելի կլինի Հայաստանի վերջերս արած քաղաքական ընտրության հետ: Ասոցացման համաձայնագիրը և ԽՀԱԱԳ պայմանագիրն այլևս սեղանին չեն, և ներկայիս գործընկությունն ու համագործակցության համաձայնագիրը համապատասխանաբար պետք է փոխարինել: Սա համալիր առաջադրանք է, որի համար անհրաժեշտ է պատշաճ ուրվագծում և կոնսուլտացիա, ցանկալի է, որ ավարտին հասցվի Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ: Ակնհայտորեն դա պետք է, որ միմյանց հետ համաձայնեցված արդյունք լինի, և մենք ակնկալում ենք շարունակել երկխոսությունը Երևանի հետ՝ մեր հարաբերությունների ապագա ձևաչափի վերաբերյալ»:

«168 ժամը» գրում է․ - «Մինչ այժմ ընդունված է եղել կարծել, որ քաղաքական կուսակցությունը կամ իշխանություն է, կամ ընդդիմություն: Բայց Դաշնակցությունը քաղաքական աճպարարության այնպիսի հնարքներ է կիրառում, որոնք ուղղակի զարմանք են առաջացնում, թե ինչպես է դա հնարավոր: Մի քանի տարի առաջ ՀՅԴ-ն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ամենաթունդ քննադատն էր և պահանջում էր նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, իսկ այսօր ՀՅԴ-ի ամենաառանցքային գործիչներից Վահան Հովհաննիսյանը համաձայնում է նշանակվել Հայաստանի դեսպանի պաշտոնում՝ լավ իմանալով, որ դեսպաններին նշանակում է հանրապետության նախագահը, իսկ ըստ Սահմանադրության՝ հենց նախագահն է իրականացնում ՀՀ արտաքին քաղաքականությունը, Նալբանդյանն էլ հետևելու է, որ Վահան Հովհաննիսյանը լավ կատարի իրեն վստահված գործը: Նշանակում է, որ Վահան Հովհաննիսյանը դառնալու է նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսի իրականացնողը՝ առանձին վերցրած որևէ երկրում: Իսկ առանց գաղափարական համախոհության՝ դա հնարավոր չէ»:

«Հայկական ժամանակը» գրում է․ - «Հյուսիսային պողոտան, որի շինարարության համար ծախսվեց շուրջ 315 միլիոն ԱՄՆ դոլար, իր գոյության 5 տարիների ընթացքում արդեն հասցրել է հիմնովին մաշվել ու բավականին անբարեկարգ, շինհրապարակ հիշեցնող տարածքի է վերածվել: Ըստ մասնագետների՝ պատճառը անորակ շինարարությունն է: Պողոտայի սալիկները քայքայվել, ավազե հատիկների են վերածվել: Եղածն էլ չի պահպանվում: Լապտերները ջարդված են: Ստորգետնյա հատվածը աղբանոց է հիշեցնում: Այնինչ, ժամանակին ոմանք Հյուսիսային պողոտան մայրաքաղաքի այցեքարտը դարձնելու նպատակներ ունեին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG