Մատչելիության հղումներ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Կառավարության կայքէջի փոխանցմամբ՝ նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին՝ «Համազգային» պետական թատրոնում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 14:00-ին՝ Կոմիտասի այգու պանթեոնում:

Սոս Սարգսյանի հարազատներին, գործընկերներին և արվեստի երկրպագուներին այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի: Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում և հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով ու կեցվածքով մեզ բոլորիս դարձնում էր ավելի բարի, ավելի ազնիվ, ավելի լավը: Նրա խաղացած դերերը մի ամբողջ դարաշրջան են մեր թատրոնի և կինոյի պատմության մեջ», - ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ուղերձում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: «Սա անդառնալի և համազգային կորուստ է», - ընդգծում է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG