Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական դաշնակցությունը չի անցնի իշխանական դաշտ, եթե անգամ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նշանակվի որևէ մի երկրում Հայաստանի դեսպան։

«Ոչ դանդաղորեն, ոչ արագորեն, ոչ մի այլ տեմպով», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի անդամը, - «Դաշնակցության և իշխանության հարաբերությունների մեջ ցանկացած փոփոխություն պայմանավորված կարող է լինել իշխանության քաղաքական փոփոխությամբ, որովհետև մենք երբեք չենք փոխվել, ասել ենք նույնը կոալիցիայի մեջ, կոալիցիայից դուրս»:

Հովհաննիսյանը նշեց, թե հանուն Հայաստանի Հանրապետության է համաձայնել իշխանությունների առաջարկին։ Համագործակցելով իշխանությունների հետ՝ չի դադարեցնի քննադատությունները։ Նա անհամատեղելի չի համարում դեսպանի պաշտոնում աշխատանքը և միաժամանակ ընդդիմադիր գործունեությունը։

«Համագործակցել, չի նշանակում նույնանալ», - ասում է նա:

Անցած ամիս մամուլում լուրեր տարածվեցին այս մասին, ինչին էլ հաջորդեց ընդդիմադիր գործչի հաստատող հարցազրույցը։

Հովհաննիսյանը նշեց, որ իշխանության կողմից իրեն առաջարկ է եղել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային ասպարեզում։

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի Հովհաննիսյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ով է իրեն նման առաջարկ արել։ Նշեց, որ ինքը համաձայնել է ու պատրաստ է աշխատել իշխանությունների հետ։ Իսկ թե այդ առաջարկից հետո ինչ քննարկումներ են անցկացվում, ասաց՝ տեղյակ չէ։ Նա հերքեց այն լուրերը, թե առաջարկը վերաբերում է Գերմանիայում դեսպան նշանակվելուն։

«Որևէ երկրի անուն այդ առաջարկում չի շոշափվել»,- ասաց դաշնակցական գործիչը։ «Եթե մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը, դա նշանակու՞մ է, որ պետության կառույցներում աշխատող դաշնակցականները դրոշները ձեռքներին առած պիտի դուրս գան, բարձրանան սարերը ու դառնան ֆիդայի»,- հարցրեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, Դաշնակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայից հայ-թուրքական հարաբերությունների բարելավման շրջանակներում 2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ հայտարարության ստորագրումից հետո։

Դրանից հետո Դաշնակցությունը սկսեց քննադատել Հայաստանի իշխանություններին ինչպես այս, այնպես էլ այլ հարցերում, հանդես եկավ իշխանությունների, մասնավորապես՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի կոչերով։

Ինչպե՞ս է պատրաստվում Հովհաննիսյանն աշխատել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նրա հրաժարականը պահանջելուց ու նրան քննադատելուց հետո ու կատարել նրա հրամանները: Հովհաննիսյանն այս հարցին պատասխանեց, որ անհրաժեշտության դեպքում կշարունակի քննադատել վերադասին։

«Ցանկացած աշխատանքի ոլորտ ունի իր էթիկայի կանոնները: Պաշտոնական դիվանագիտության մեջ կան էթիկայի կանոններ և քննադատությունը հնարավոր է և նույնիսկ, կարծում եմ, անհրաժեշտ է, բայց դա չի կրում հրապարակային բնույթ: Սա նորմալ է», - ասաց Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր դաշտում գործող Դաշնակցությունը արդարացված է համարում Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը։ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի նախագահի որոշումը իրավիճակային լուծում էր, այն անհրաժեշտ էր Հայաստանին։

«Ակնհայտ է, որ իրավիճակային է, ակնհայտ է, որ այս պայմաններում՝ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը, Թուրքիայի աճող ախորժակները, Մերձավոր Արևելքում կատարվող տարաբնույթ պոռթկումները, ապստամբությունները և քաղաքացիական պատերազմները, դարձնում են ռեգիոնը բոցկլտացող, եռացող կաթսա: Եվ այս պայմաններում, այո, իրավիճակային լուծումը ստրատեգիական կապերը Ռուսաստանի հետ ամրապնդել, այդ թվում նաև տնտեսության գնով», - մեկնաբանեց դաշնակցական գործիչը:

Չնայած այս գնահատականին, Հովհաննիսյանը կարևորում է եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունն ու եվրոպական արժեքների ամրապնդումը Հայաստանում։
XS
SM
MD
LG