Մատչելիության հղումներ

Մինչ Հայաստանը հայտարարում է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին, երկրում շարունակվում են արևմտյան ֆինանսավորմամբ իրականացվող մաքսային բարեփոխումները:

Երևանում այս թեմայի շուրջ քննարկումներին մասնակցեց նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այժմեական են նման քննարկումները` հաշվի առնելով Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու որոշումը, դեսպանն արձագանքեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և պետք է կատարի իր պարտավորություններն այդ կազմակերպության հանդեպ:

Մաքսային բարեփոխումների ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցակցության» ծրագրի աջակցությամբ: Այս ծրագրի ներկացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ոմանք խոսում են այն մասին, որ առևտրային հարաբերությունները պետք է ձևավորվեն Եվրամիության, մյուսները` Մաքսային միության հետ: Մենք փորձում ենք Հայաստանում ձևավորել մի համակարգը, որը հնարավորություն կտա մաս կազմել համաշխարհային առևտրին, առևտուր կազմակերպել աշխարհի բոլոր երկրների հետ»:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով` Հայաստանը համապատասխանեցնում է իր օրենսդրությունը և' Մաքսային միության, և' Եվրամիության այն դրույթներին, որոնք հակասությունների մեջ չեն. - «Մոտեցումը պետք է մեկը լինի` ծավալել բարեխիղճ արտաքին տնտեսական գործունեություն: Ես հակասություն չեմ տեսնում: Եթե Մաքսային միության օրենդրության համադրություն կատարենք Եվրամիության հետ, հիմնական գծերով կարող ենք տեսնել, որ տարբերությունները վարչարարական ընթացակարգերի հետ կապված, մեծ չեն: Մենք մեծ հակասություններ չենք տեսնում: Որոշակի խնդիր կար, իհարկե, տարիֆների հետ կապված, բայց դա արդեն բանակցային գործընթաց է»:

Բարեփոխումների շրջանակում իրականցվում է նաեւ «Կարգավորիչ գիլյոտին» ծրագիրը, որի նպատակը ժամանակավրեպ կարգավորումները կարճ ժամանակում վերանցնելն ու անարդյունավետ ծախսերը կրճատելն է:

Այդ ծրագրի ղեկավար Արմեն Եղիազարյանը, ներկայացնելով ծրագրի ընթացքը մաքսային բարեփոխումների ոլորտում, մատնանշեց, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում պետք է հաշվի առնվեն որոշակի հարցեր:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այլևս ժամանակավրեպ չէ խոսել Եվրոպայից ֆինանսավորվող ծրագրի մասին, Եղիազարյանն արձագանքեց. - «Գիլյոտինը մեր օրենսդրության պարզեցումն է: Ի՞նչ կապ ունի Ռուսաստան է, Բելառուս է կամ Չինաստան է... Քաղաքական հարց է, ես դրա հետ ոչ մի կապ չունեմ: Իրականում մենք եվրոպական փողեր ենք օգտագործում և ոնց որ թե շարունակելու ենք օգտագործել»:

Մաքսակետերին առնչվող մարդիկ շարունակում են պնդել, որ կոռուպցիան այս ոլորտում չի նվազում: Ջոն Հեֆերնը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե տևական ժամանակ իրականացվող այս բարեփոխումները որևէ դրական արդյունք տվե՞լ, տալի՞ս են կամ կտա՞ն, ասաց. - «Մաքսային ոլորտում դեռ բազմաթիվ մարտահրավերներ կան, և մենք շարունակելու ենք աշխատել Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների նախարարության և քաղաքացիական հասարակության հետ` այս խնդիրները լուծելու ուղղությամբ»:

«Մենք իրականացնում ենք հետևողական քայլեր, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը հասցնենք նվազագույնի», - այս առնչությամբ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միրումյանը:
XS
SM
MD
LG