Մատչելիության հղումներ

Գործընկերները սգում են Սոս Սարգսյանի մահը


Սոս Սարգսյան
Սոս Սարգսյան
Երեկ երեկոյան Համազգային թատրոնի բեմում «Հացի խնդիրն» էր ներկայացվում. ավարտից հետո տարածվեց բոթը՝ վախճանվել է մեծ դերասան, թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը։

Երիտասարդ դերասան Նարեկ Բաղդսասարյանն այս մասին խոսելիս չէր կարողանում զսպել արցունքները։ Իսկ բեմից այսօր առավոտյան արդեն հապճեպ հավաքում էին դեկորները, հանված են առաջիկա բոլոր ներկայացումները։

«Իրոք սա մեծ կորուստ էր բոլորիս համար, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Սոս Սարգսյանը հավերժ ֆիզիկապես մեզ հետ է լինելու, բայց, ցավոք սրտի, բնությունը և Աստված իրենն անում է։ Իհարկե, արվեստը, թատրոնը, մեր երկիրը, մեր ազգը շատ մեծ կորուստը կրեց, բայց հողը հարստացավ Սոս Սարգսյան մտավորականով, և ես երջանիկ մարդ եմ, որ այսքան երիտասարդ գոնե հասցրել եմ մի փոքր շփում ունենալ նրա հետ»,- ասաց Նարեկ Բաղդասարյանը։

Առողջության վիճակի վատթարացման պատճառով վերջին տարիներին Սոս Սարգսյանը հորդորել էր իրեն փոխարինել Համազգայինի գլխավոր ռեժիսորի պաշտոնում իր մտերիմներից Հրաչյա Գասպարյանին։ Նա ժամանակին Սոս Սարգսյանին էր փոխարինել, երբ վերջինս թողել էր Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը։ Այսօր մեր զրույցի ընթացքում Սոս Սարգսյանի մասին խոսելիս Հրաչյա Գասպարյանը ևս չկարողացավ թաքցնել հուզմունքը։

«Մեծագույն մարդ, մեծ հայ մարդ, ազգասեր, իր երկրի իսկական քաղաքացի, ով ցավում էր ոչ միայն մարդու համար, այլ ամբողջ մարդկության մասին էր մտածում։ Մի շատ հին ասացվածք կա՝ իր փառքի համար արդեն պետք չէ, բայց ինքը պետք է մեր փառքի համար։ Սոս Սարգսյանը միշտ կլինի, որ մեր ազգի փառքը, մեր ազգի մշակույթի բևեռը միշտ պայծառ լինի»,- ասաց Գասպարյանը։

1929 թվականին Ստեփանավում ծնված Սոս Սարգսյանի ծնողները հավանաբար չէին էլ ենթադրում, թե իրենց որդին ինչ ճանապարհ է անցնելու և ինչ հետք է թողնելու հայ արվեստի՝ հայ թատրոնի և կինոյի պատմության մեջ՝ ոչ միայն ստեղծելով լավագույն դերեր, կերպարներ, այլև ստեղծելով Հայաստանի անկախության հենց առաջին տարուց՝ 1991-ից նոր թատրոն հիմնելով։ Մինչ այդ էլ՝ 1954-ից մինչև 1990 թվականը՝ 36 տարի, ստեղծագործել էր Սունդուկյանի անվան մայր թատրոնում և նկարահանվել հայկական լավագույն ֆիլմերում՝ ստեղծելով անմոռաց մարդկային կերպարներ՝ սկսած 1959 թվականից, երբ նկարահանվեց «Նվագախմբի տղաները» ֆիլում։ Սրան հաջորդեցին «Տերն ու ծառան», «Եռանկյունին», «Գարուն ա, ձուն ա արել», «Մենք ենք, մեր սարերը», «Խաթաբալադա», «Հեղնար աբյուր», «Իմ սիրտը լեռներում է», «Ձորի Միրոն», «Նապապետ» և այլ ֆիլմեր։

«Ես չէ, որ պետք է գնահատեմ, թե Սոս Սարգսյանը ինչեր է արել, ես պարզապես շատ ուրախ եմ, որ իր հետ ապրել եմ, միասին թատրոն ենք ստեղծել, ես հպարտ եմ։ Ափսոս»,- ասում էր Հայաստանի պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Դավիթ Հակոբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG