Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) ավարտվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացում կամ վատնում՝ առանձնապես խոշոր չափերով», և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ «նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով` պաշտոնական փաստաթղթեր է կեղծել և առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում է կատարել»:

Մեղադրյալ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Վիրաբյանին սպառնում է չորսից մինչև ութ տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Տիգրան Վիրաբյանը Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ գլխավորում էր թիվ 17/4 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովը։ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հունիսին մերժեց նրա դեմ թոշակառու Անիկ Դավթյանի և լրագրող Ծովինար Նազարյանի հայցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG