Մատչելիության հղումներ

logo-print

Հանրային խորհրդի ենթահանձնաժողովը դեմ է «Զվարթնոցի» հին շենքը քանդելուն


Հանրային խորհրդի ավիացիոն ենթահանձնաժողովը այսօր խիստ բացասական եզրակացություն տվեց «Զվարթնոց» օդանավակայանի հին՝ կլոր շենքը քանդելու նախաձեռնությանը:

Ավիացիայի ոլորտի մասնագետները, քննարկելով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության այս մտադրությունը, այսօր հրապարակված որոշմամբ օդանավակայանի ղեկավարությանն առաջարկում են հին մասնաշենքում գործարկել ներքին օդանավակայան՝ հաշվի առնելով փոքր ավիացիան զարգացնելու, ինչպես նաև հանրապետության մի քանի հեռավոր քաղաքներում օդանավակայաններ կառուցելու՝ իշխանությունների մտադրությունը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ներկայացնող Աշոտ Ազիզյանը, սակայն, լսելով այս առաջարկը տարակուսանք հայտնեց՝ այն գնահատելով ոչ իրատեսական․ - «Ձեր հանձնաժողովը մի քիչ էլ պետք է կոնցեսիոների տեսանկյունից նայի: Ինչքանո՞վ է հարմար, երբ որ այստեղ գործում է օդանավակայանը, երբ որ լիովին բավարարում է բոլոր չվերթները: Բացի այն, որ այս օդանավակայանի վրա շատ մեծ ծախսեր է արել, շահագործի նաև այն, միայն նրա համար, որ չքանդվի: Ինքը շատ մեծ ֆինանսական կորուստներ է կրել»:

Օդանավակայանը շահագործողները նաև կտրուկ դեմ են մեկ այլ առաջարկի՝ հին մասնաշենքի տարածքում բացել ազատ առևտրի գոտին, պնդելով, որ տարածքը շատ փոքր է: Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը այսօր հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի նիստում վերահաստատեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մտադրությունը՝ շենքը պետք է քանդվի, քանի որ ընդհանրապես չի օգտագործվում և գտնվում է «անմխիթար վիճակում»:

Բացի այդ, «Զվարթնոց» օդանավակայանում մտադիր են առաջիկա տարիների ընթացքում հենց հին շենքի տարածքի հաշվին մեծացնել նորակառույց օդանավակայանը: Այս հայտարարությունը զայրույթ առաջացրեց քննարկմանը մասնակցող ճարտարապետների շրջանում: Իրենց ելույթներում անվանի ճարտարապետները սուր քննադատության էին ենթարկում օդանավակայանի ղեկավարությանը: Ինչպես ճարտարապետ Հրաչ Պողոսյանն էր շեշտում՝ հուշարձանի ֆիզիկական վիճակը չի կարող այն քանդելու պատրվակ լինել․ - «Բոլորովին ոչ մի նշանակություն չունի, թե ինչքան գումար է հարկավոր, որպեսզի մի որևէ արժեք պահպանես: Եթե այդ արժեքը ուզում ես պահպանել՝ կպահպանես, եթե չես ուզում՝ իհարկե, կարելի է նաև քանդել»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ մտավախություն հայտնեց, որ օդանավակայանի շենքը կարող է Փակ շուկայի ճակատագրին արժանանալ: Քալաշյանի կարծիքով, լավագույն լուծումը հին մասնաշենքի նպատակային օգտագործումն է․ - «Եթե շուկան կռիսանոց է, Կոլիզեյը գուցե կրկնակի կռիսանոց է, բայց այն պահում են»:

Օդանավակայանի 30-ամյա այս շենքը նախագծել են Սպարտակ Խաչիկյանը, Լևոն Չերկեզյանը, Ժորժ Շեխլյանը և Արթուր Թարխանյանը: Այսօրվա քննարկմանը եկել էր Լևոն Չերկեզյանի որդին՝ ճարտարապետ Մհեր Չերկեզյանը:

«Կա պատմական արժեք, ճարտարապետական արժեք, և պետք է բոլոր շերտերինը պահպանվի: Այսօր Հռոմ ոչ մեկը չէր գնա, եթե Կոլիզեյը քանդեին: Փարիզի Էյֆելի աշտարակը ժամանակին ուզում էին քանդեին: Կողքը այսօր էլ են սարքում նոր մոդեռն շենքեր, բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ Էյֆելը քանդեն, տեղը էս սարքեն», - ասաց Չերկեզյանը:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը ևս բացասական գնահատական է տվել՝ շենքը քանդելու մտադրությանը: Չնայած ճարտարապետների հիմնականում հոռետեսական կանխատեսումներին, քաղաքացիական ավիացիայի վարչությունը ներկայացնող Աշոտ Ազիզյանը այսօր խոստացավ, որ միանձնյա որոշում չի կայացվելու՝ հաշվի կնստեն մասնագետների կարծիքի հետ․- «Այն որոշումը, որը կկայացնի հանրությունը, դա կլինի մեր կողմից ընդունելի»:
XS
SM
MD
LG