Մատչելիության հղումներ

Գործադիրը մտադիր է խթանել բնակարանների շինարարությունը


Շինհրապարակ Երևանում

Շինհրապարակ Երևանում

Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում մի շարք օրենքներում, որոնք առաջիկայում կներկայացվեն Ազգային ժողով:

Փոփոխություններ ու լրացում է նախատեսվում, մասնավորապես, «Օտարերկրացիների մասին» օրենքում, առաջարկվում է օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակի տրամադրման նոր հիմք սահմանել:

«Այս իրավունքից կարող են օգտվել նաև այն օտարերկրացիները, որոնք նվազագույնը 40 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք են ձեռք», - մանրամասնում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ըստ նախարարի, այս մեթոդը կիրառվում է այն երկրներում, որոնք նպատակ ունեն խթանել անշարժ գույքի շուկայի զարգացումը և մարդկանց ներհոսքը երկիր:

«Հարակից օրենքներում առաջարկվում է պետական տուրքը զրոյացնել, ինչը նախատեսված է այսօր այս կացության կարգավիճակը ձեռք բերելու համար: Որոշակիորեն կրճատվել են նաև այն ժամկետները, որոնք այսօր գործում են այս հիմքի պարագայում․ դրանք մեկ ամսից կրճատվել են 15 օրով: Եվ մշտական կացության իրավունքը, եթե մյուս դեպքերում տրվում է 5 տարով, այս դեպքում առաջարկվում է 10 տարի, որովհետև պարզ ու հստակ է, որ վերջինս իր կենսական շահերով՝ անշարժ գույք ունենալու պարագայում, կապված է Հայաստանի Հանրապետության հետ», - հավելեց Հրայր Թովմասյանը:

Թովմասյանի պարզաբանումներից հետո վարչապետն այդ ամենը ամփոփեց մեկ նախադասությամբ․ - «Եթե օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում ձեռք են բերում բնակարան, մենք նրանց համար ստեղծում ենք կարճ ժամկետում հարմարավետ միջավայր»:

Տիգրան Սարգսյանը մտահոգիչ համարեց շինարարության ոլորտում 8.5 տոկոս անկումը, ինչի մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա ցուցանիշները:

«Շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը, և առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ էլիտային բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է: Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ պահանջարկ կա էկոնոմ կլասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ», - ասաց վարչապետը, հավելելով, որ համապատասխան օրենքներում փոփոխություններով ու լրացումներով կառավարությունը ձեռնամուխ է եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է խթանել շինարարության ոլորտի ակտիվացումը:

Բացի այդ, խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ևս հնարավորություն ունենան բնակարաններ ձեռք բերել, հավելեց գործադիրի ղեկավարը:

«2014 թվականին մենք ուզում ենք պետական ծառայողների համար հասանելի դարձնել բնակարանները, որպեսզի նրանք ի վիճակի լինեն հիպոտեկային վարկերով բնարականները ձեռք բերեն: Այսօր համար մեկ խոչընդոտը կայանում է նրանում, որ հիպոտեկային ցանկացած սխեմայով պահանջվում է կանխավճար: Շատ հաճախ պետական ծառայողները չունեն այդ կանխավճարի գումարը, և չեն կարողանում բնակարաններ ձեռք բերեն, որոնց արժեքը մինչև 25 միլիոն դրամ է», - մանրամասնեց Տիգրան Սարգսյանը:

Ըստ վարչապետի, կառավարությունը պատրաստ է պետական ծառայողներին պետական երաշխիք տրամադրել պահանջվող 30 տոկոս կանխավճարի չափով: Բոլոր պետծառայողները, ովքեր ցանկություն կհայտնեն այդ պայմաններով հիպոտեկային վարկ ձեռք բերել, պետք է ցուցակագրվեն, հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Գործադիրը դիմում է նաև քաղաքապետարանին, խնդրանքով, որ Երևան քաղաքի տարածքում կառուցապատման համար տրամադրվեն այնպիսի տարածքներ, որոնցում կառուցված բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական արժեքը կլինի ավելի ցածր քան այսօր է:
XS
SM
MD
LG