Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի նախկին փոխնախարարն այցելել է Լեռնային Ղարաբաղ


Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ալաքրամ Գումմաթով

Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ալաքրամ Գումմաթով

Լեռնային Ղարաբաղում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ալաքրամ Գումմաթովը: Նա անցած դարի 90-ականներին անձամբ ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղի դեմ պատերազմական գործողություններին:

«Ինչպես տղամարդավարի կռվել եմ, այնպես էլ եկել եմ տղամարդավարի հաշտության ձեռք մեկնելու», - հայտարարեց Գումմաթովը Արցախի պետական համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ: - «Ես միշտ ասում եմ` եթե տղամարդավարի կռվում ես, ուրեմն պետք է նաև տղամարդավարի ընկերություն անես»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ է զգում հիմա, երբ եկել է հանդիպելու այն ժողովրդի հետ, ում դեմ պատերազմել է, Գումմաթովը պատասխանեց, որ ինքն այստեղ է, որպեսզի այդ ամենն այլևս չկրկնվի. - «Ես գիտեմ, թե ինչ է պատերազմը, և այլևս չեմ ուզում, որ այն երբևիցե կրկնվի: Այո, ես պատերազմել եմ Լեռնային Ղարաբաղի դեմ և դա չեմ թաքցնում. Բայց այսօր ես ատում եմ պատերազմը նրա համար, որ երբևէ տեսել եմ այն: Ի՞նչ իրավունքով էի երիտասարդ տղաների պատերազմի դաշտ ուղարկում... այս և նման շատ ու շատ հարցեր այսօր ինձ հանգիստ չեն տալիս»:

Նշենք, որ Ալաքրամ Գումմաթովը ներկայումս բնակվում է Հոլանդիայում: Տարիներ առաջ Ադրբեջանի իշխանությունները բազմաթիվ ձերբակալություններից հետո նրան արտաքսել են` զրկելով Ադրբեջանի քաղաքացիությունից:

Նա իր խոսքում բազմիցս քննադատեց Ադրբեջանի իշխանություններին՝ երկրում վարվող քաղաքականության և, մասնավորապես, թալիշների նկատմամբ անհադուրժող վերաբերմունքի համար: Նրա կարծիքով, այդ ամենին միջազգային հանրությունն ուշադիր հետևում է, սակայն «առանձին ներկայացուցիչներ դառնում են կաշառակերության մասնակից՝ այդպիսով աչք փակելով տեղի ունեցող իրադարձությունների վրա»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա նա չթաքցրեց իր հիացմունքը: Ասաց, որ հուզված է ջերմ ընդունելության համար և հուսով է, որ սա իր վերջին այցելությունը չի լինի:

«Ինձ համար հաճելի է գտնվել Արցախում: Ես կարծում եմ, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն տիրի, որպեսզի մեր թանկագին երեխաներն ապրեն, ուսում ստանան խաղաղ պայմաններում», - ասաց Գումմաթովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG