Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը «գրեթե պատրաստ է» անցնել նոր կենսաթոշակային համակարգին


Արտապատկերում ԿԲ-ի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին պատմող հոլովակից

Արտապատկերում ԿԲ-ի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին պատմող հոլովակից

Հայաստանը գրեթե պատրաստ է անցնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, չնայած դեռ կան չլուծված խնդիրներ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հստակեցնելով, որ խնդիրներից մեկն էլ ենթադրում է որոշակի օրենսդրական փոփոխություններ:

Օրենքի նախագիծն արդեն իսկ ներկայացված է Ազգային ժողովի քննարկմանը, սակայն տեխնիկական առումով, ըստ նախարարի, ամեն ինչ կարգին է:

«Պրոբլեմներ չենք ունենա, քաղաքացին յուրաքանչյուր օր կկարողանա իր հաշիվներին տեղյակ լինել»,- վստահեցրեց Ասատրյանը։

Փաստորեն, առաջիկա հունվարի 1-ից 1974 թվականից հետո ծնված յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձի 10 տոկոսը կփոխանցվի նրա կուտակային հաշվեհամարին, և այդ գումարը նա կկարողանա գործածել միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

Քաղաքացիների անձնական հաշիվներին փոխանցած գումարը, կամ ինչպես պաշտոնյաներն են ասում, ապահով ծերության համար կուտակած փողերը, կառավարելու են կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները:

Կենտրոնական բանկից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կառավարիչների անուններ առայժմ չեն կարող հրապարակել, սակայն բանակցություններ են վարվում մի շարք հեղինակավոր ակտիվների կառավարիչների հետ, և արդեն նոյեմբերին հանրությանը հայտնի կլինեն գրանցված և լիցենզավորված կառավարիչների անվանումները: Նկատենք, որ այս համակարգի արդյունավետ գործունեությունը մեծապես կախված է այս մասնավոր ֆոնդերի կառավարիչներից:

Ազգային ժողովում անցած տարի ոչ իշխանական ուժերը սուր քննադատության ենթարկեցին այս համակարգը, սակայն դրանով ոչինչ չփոխվեց: Դժգոհողներից մեկն էլ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր, ով այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերթկան անգամ նշեց տասնյակ ռիսկերի մասին: Ու դրանցից ամենաակնհայտը ֆինանսական շուկայի հարցն է. մասնավոր ֆոնդերում հավաքագրված գումարների զգալի մասը տեղաբաշխվելու է երկրից դուրս:

«Իսկ ինչպես ցույց տվեց 2009 թվականի միջազգային ֆինանսական ճգնաժամը, դրսում գտնվող հսկայական ռեսուրսներ պարզապես փոշիացան։ Ինչո՞վ են մանիպուլյացիա անում իշխանությունները այս հարցը, ասում են՝ մեզ երկար փող պե՞տք է, ասում ենք՝ իհարկե, պետք է, բայց արդյոք այդ փողը ծառայելո՞ւ է ազգային տնտեսությանը։ Սրա արդյունքում մի քանի տարի հետո մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերը կարող են պարզապես պայթել և դրա դիմաց քաղաքացիները ոչինչ չստանան»,- ասում է Մինասյանը։

Իհարկե, բարեփոխումներ մեզ պետք էին, նկատում է Մինասյանը, սակայն մատնանշում է, որ այս մոդելը ոչինչ չի բարեփոխի: Ծրագրից դուրս են մնում գործազուրկները, գյուղացիները, որոնց աշխատած ժամանակը չի համարվում ստաժ, այսինքն չկա մի համակարգ, որով նրանք կարող են գումար կուտակել, ժողովրդագրական տեսանկյունից էլ խնդիր ունենք. երեխա ունեցող կինը չաշխատած տարիների ընթացքում գումար կուտակել չի կարող և, փաստորեն, կկանգնի երկընտրանքի առջև՝ աշխատե՞լ, թե՞ երեխա ունենալ:

«Մյուս կողմից էլ աշխատավարձերի բարձրացումը դառնում է վնասակար գործատուների համար, որովհետև ավելի շատ հարկային վճարում են կատարում և նաև աշխատողն է ստիպված լինում ավելի շատ վճարումներ կատարել»,- ասում է Մինասյանը։

Խնդիրների կոմպլեքսն այսքանով չի ավարտվում, սակայն որպես խնդիրների միասնական լուծում, Մինասյանը կարծում է, որ պարտադիր կուտակայինի փոխարեն պետք էր ստեղծել պայմանական կուտակային համակարգը, ինչը ենթադրում է, որը գումարները տեղաբաշխվում են Հայաստանի տնտեսության մեջ, ինչի արդյունքում էլ հնարավոր կլիներ ստեղծել նոր աշխատատեղեր, տնտեսությունը կատիվանար:

Իսկ հիմա, Արծվիկ Մինասյանի պնդմամբ, համակարգը անորոշ ապագա է մեզ խոստանում. այսօր մենք կուտակում ենք մի գումար, որ չգիտենք, թե ինչ արժեք կներկայացնի իրենից 20-30 տարի հետո:

Հայ ժողովրդի համար հեռու անցյալում չեն խորհրդային տարիների ընթացքում կուտակված և հետո մեկ օրում փոշիացած ավանդները, ի՞նչ երաշխիքներ կարող են ունենալ հայաստանցիները, որ պատմությունը չի կրկնվի. «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը նախարար Ասատրյանը արձագանքեց, թե երաշխիքների առումով բազմաթիվ քննարկումներ են եղել, և դրանք կարգավորվել են օրենսդրական առումով։

«Գնաճն էլ հետը նախատեսված է երաշխիքների մեջ։ Որևէ երկրում չկա կենսաթոշակային հիմնադրամ, որը երկարաժամկետ կտրվածքով բացասական բալանս ունենա»,- վստահեցնում է նախարարը։

«Շուկայական ռիսկի պայմաններում որևէ մեկը այսօր չի կարող երաշխավորել, որ այս համակարգը կարող է ձեզ արժանապատիվ թոշակ տալ»,- հակադարձում է Արծվիկ Մինասյանը։

Ենթադրենք, որ պետական այս ծրագիրն իրոք հաջողությամբ կպսակվի, ինչը պարզ կլինի միայն առնվազն 20 տարի հետո, երբ առաջին թոշակառուն իր կուտակած գումարը կստանա։ Սակայն նվազագույն կամ միջին աշխատավարձ ստացող շարքային քաղաքացուն դժվար է համոզել մտածել վաղվա օրվա մասին, երբ նա անգամ այսօր ապրել չի կարողանում:

«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանի հետ փորձեցինք հասկանալ, թե, օրինակ, ինչ տեղի կունենա 75 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդու հետ, հատկապես երբ պարտադիր չէ, որ գործատուն վճարի այդ 5 տոկոսը:

«Երբ փետրվարին մարդ կստանա իր աշխատավարձը, այն 7-8 տոկոսով պակաս կլինի, ու քանի որ աշխատավարձերը ցածր են Հայաստանում մարդկանց մոտ, դա առաջացնելու է հացի խնդիր։ Կենսաթոշակային բարեփոխումը շատ լավ կլիներ, երբ աշխատավարձի ֆոնը կրկնակի բարձր լիներ»,- ասում է Գևորգյանը։

Հավելենք, որ 2011 թվականից Հայաստանում գործում է կամավոր կուտակային համակարգը, սակայն մինչ օրս ոչ մի հաշիվ չի բացվել: Թեպետ նախարար Ասատրյանը բացատրում է, թե ակտիվները կառավարող ընկերություն չի եղել գրանցված, Կենտրոնական բանկից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ կամավոր բաղադրիչների առումով շուկայում արդեն գործում է ԿԲ-ի կողմից գրանցված և լիցենզավորված կառավարիչ՝ «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն:
XS
SM
MD
LG