Մատչելիության հղումներ

Սարգսյանը «կարողացավ ամրապնդել ՀՀ-ի դիրքերը միջազգային ասպարեզում»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, 23-ը սեպտեմբերի, 2013

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, 23-ը սեպտեմբերի, 2013

Սերժ Սարգսյանը կարողացավ ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարած կոմպլեմենտար քաղաքականության հիման վրա այսօր ավելի հիմնավոր քաղաքական գործընթացներ են գնում: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ հակադարձելով Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ երեկ հնչեցրած քննադատությանը։

Զուրաբյանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միություն մտնելու սեպտեմբերի 3-ի հայտարարությանը և դրա հետևանքով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման տապալմանը, համոզմունք էր հայտնել, թե այս գործընթացների առումով 2013 թվականը կարելի է համարել Հայաստանի հավասարակշռված քաղաքականության տապալման տարի:

Զուրաբյանը նախ հիշեցրել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հաստատված արտաքին քաղաքականության դոկտրինան, համաձայն որի Հայաստանը խորացրել է հարաբերությունները բոլոր գերտերությունների հետ: Ուշագրավ է, որ անդրադառնալով արդեն Հայաստանի երկրորդ նախագահի վարած արտաքին քաղաքականությանը՝ Ռոբերտ Քոչարյանին թերևս ամենախիստը քննադատած ՀԱԿ-ը այսօր կարծում է, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Քոչարյանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարել:

«Քոչարյանի օրոք թեև կատարվեցին քայլեր, որոնք Հայաստանին ավելի մեծ կախվածության մեջ գցեցին Ռուսաստանից, ես նկատի ունեմ ստրատեգիական տնտեսական ռեսուրսների վաճառքը Ռուսաստանին, նաև Ռուսաստանի թելադրանքով Իրանի հետ գազամուղի ունակության սահմանափակումը, այնուամենայնիվ, զուտ դիվանագիտական առումով հավասարակշռության դոկտրինը պահպանվեց, և Հայաստանը շարունակում էր շարժվել այն ուղով, որը հիմնադրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց ես հիմա պետք է հայտարարեմ, որ իմ կարծիքով՝ 2013 թվականը կարելի է համարել «սև» տարի այս առումով, կարելի համարել հավասարակշռված քաղաքականության եթե ոչ վերջնական կործանման, ապա գոնե տապալման տարի»,- ասել էր Զուրաբյանը։

Իշխող Հանրապետականի փոխնախագահը հակադարձում է.- «Դե, որ մարդկանց ներսը սև է լինում, ամեն ինչը սև են տեսնում։ Եթե արժեցող քաղաքական գործիչ լիներ, մանրամասն կխոսեի... Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վրիպումների մասին չխոսենք, Քոչարյանի ժամանակաշրջանում կոմպլեմենտար քաղաքականություն էր, այսօր դրա բազայի վրա ավելի հիմնավոր քաղաքական պրոցեսներ են գնում, և դա կարելի է կշռել արդյունքներով։ Իսկ այսօր արտաքին քաղաքականության արդյունքները բավականին առաջ են անցել»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե երբ Եվրամիության պաշտոնյաները հայտարարում են, որ հիասթափված են Հայաստանի քայլերից, որ այլևս Հայաստանը վստահելի գործընկեր չեն համարում, արդյոք դա չի նշանակո՞ւմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ խնդիրների է բախվել, Գալուստ Սահակյանն ասաց, թե համոզված է, որ համագործակցությունը Եվրոպայի հետ շարունակվելու է և տապալված արտաքին քաղաքականության մասին խոսք գնալ չի կարող:

«Ես չեմ կարծում, որ մեր եվրոպական գործընկերները իրենց ակտիվությամբ չեն համարժեքում նաև մեր ակտիվությունը՝ հետագա մեր աշխատանքները կազմակերպելու համար»,- ասաց Սահակյանը։

Մինչդեռ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում ոչ միայն Եվրոպան, այլև Ռուսաստանը կորցրել են վստահությունը Հայաստանի նկատմամբ: Ընդ որում, ըստ Զուրաբյանի, գաղտնի էր պահվում ոչ միայն Եվրամիության հետ, այլ Ռուսաստանի հետ Մաքսային միության շուրջ բանակցությունները: Այդ ամենը բացառելու համար, ՀԱԿ-ի համոզմամբ, անհրաժեշտ էր բաց բանակցային գործընթաց և Մոսկվայի, և Բրյուսելի հետ:

«Իրականում, այո՛, եթե կուզեք, պետք էր այն բանակցությունները, որոնք վարվում էին ԵՄ-ի հետ, շատ կոնկրետ դրվագներ, հատվածներ նաև բանակցվեին Ռուսաստանի հետ։ Ի՞նչ կար այդտեղ, որևէ ինքնիշխանության խնդիր այստեղ գոյություն չունի։ Ի՞նչ է՝ այս վիճակը ավելի լավ է... մենք ի վերջո ստացանք մի այնպիսի իրավիճակ, երբ ամբողջ պայմանագիրը Ռուսաստանը «բռակովկա» արեց և հանգիստ պարտադրեց այն, ինչ ուզում էր։ Մինչդեռ եթե բաց խոսակցության լիներ և ԵՄ-ի, և Ռուսաստանի հետ, ես կարծում եմ, ճիշտ է որոշակի դրույթների գնով, որոնք չէր հաջողվի անցկացնել, բայց կհաջողվեր փրկել ամբողջ գաղափարը՝ Ասոցացման պայմանագիրը և ինչու ոչ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը»,- ասում է Զուրաբյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ի վերջո ՀԱԿ-ը կո՞ղմ է Մաքսային միությանը, թե՞՝ ոչ, կուսակցության փոխնախագահն ասաց, թե այդօրինակ հարցադրումը սխալ է և ձեռնտու է միայն իշխանություններին՝ հաշվի առնելով անցկացված այն հարցումները, համաձայն որոնց՝ ժողովրդի առնվազն 70 տոկոսը կողմ է Մաքսային միությանը:

«Որովհետև նա, ով կլինի դեմ Մաքսային միությանը, շնորհիվ ՄՄ-ին՝ բնակչության այս բարձր աջակցության, կլեգիտիմացնի Սերժ Սարգսյանին։ Եվ երկրորդ՝ ի՞նչ է նշանակում Մաքսային միություն, և ինչո՞ւ մենք պետք է այդ խաղը խաղանք: Մենք գիտե՞նք Մաքսային Միությունը ինչ է, Սերժ Սարգսյանը գիտի՞, բացատրո՞ւմ է հասարակությանը»,- հարցրեց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ՝ պետք է հասկանալ, որ ընտրություն եղել է ոչ թե արժեքային համակարգերի կամ մաքսային ռեժիմների, այլ կոնկրետ քաղաքական հետևանքների միջև:

«Բնական չէ՞, որ բոլորս էլ կուզեինք ապրել Եվրոպական միությունում՝ բարձրագույն դեմոկրատական արժեքներով, բայց արդյոք դա մտնո՞ւմ է մեր ընտրության մեջ, և արդյոք պա՞րզ է, թե ինչ գին է պետք վճարել դրա համար»,- ասաց Զուրաբյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG