Մատչելիության հղումներ

Վերաքննիչ բողոք Վոլոդյա Ավետիսյանի կալանքի որոշման դեմ


Վոլոդյա Ավետիսյանը Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ, հունիս, 2013թ․

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը երեկ դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը:

Պաշտպանը բողոքի մեջ նշել է, որ «առաջին ատյանի դատարանի որոշումը անօրինական է, հիմնավորված չէ, չի բխում միջազգային իրավունքներից, սկզբունքներից»:

Փաստաբան Արա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իր բողոքարկման մեջ նշել է, որ առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանի կալանավորման վերաբերյալ պաշտպանության նախարարության քննչական ծառայության միջնորդությունը բավարարելիս «ներկայացրել է վերացական պատճառաբանություններ, չի մատնանշել կոնկրետ հանգամանքներ, որոնք կարող են բավարար հիմք հանդիսանալ պնդելու, որ ազատության մեջ Վոլոդյա Ավետիսյանը կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել, դատարանը չի ներկայացրել որևէ ծանրակշիռ պատճառաբանություն այն մասին, թե ինչից ելնելով է եզրակացրել, որ տվյալ դեպքում գրավը պետք է մերժել»:

Պահեստազորի գնդապետը սեպտեմբերի 22-ին կալանավորվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի որոշմամբ:

Վեց, այդ թվում՝ երեք անչափահաս երեխայի հայր Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ: Նա նախաքննական մարմնին դեռ ցուցմունք չի տվել, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց պաշտպանը:

Վերաքննիչ դատարանը բողոքը պետք է քննի և որոշում կայացնի նյութերը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում:

Վոլոդյա Ավետիսյանը վերջին շրջանում ազատամարտիկների կողմից անցկացվող բողոքի ակցիաների նախաձեռնողներից է, այդ ակցիաները սկիզբ առան Երևանի Ազատության հրապարակում նրա նստացույցից:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG