Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 26-ի մամուլ


«Ժամանակ»-ն անդրադառնում է տարբեր ուժային կառույցների քննչական ծառայությունները մեկ միասնական կառույցի մեջ միավորելու` Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը: Թերթը գրում է. - «Այս նախաձեռնությունը ցույց է տալիս մեկ բան՝ Սերժ Սարգսյանի անվստահությունը պետական կառավարման համակարգի ուժային կառույցների նկատմամբ: Այլապես ինչո՞ւ պետք է նա մեկ միասնական կառույցի մեջ միավորեր քննչական բոլոր ծառայությունները: Այսպիսով առավել հեշտանում է քննչական մարմինների աշխատանքների վերահսկելիությունը, ինչը նշանակում է՝ կա’մ Սերժ Սարգսյանը լուրջ խնդիրներ և կասկածանքներ ունի ներկայիս մարմինների աշխատանքների նկատմամբ, այսինքն՝ չի վստահում նրանց և կասկածում է իր դեմ իրականացվող ինչ-ինչ քայլերի առումով, կա’մ էլ նա պատրաստվում է մեծ ներիշխանական «օպերացիայի», որի համար էլ նրան անհրաժեշտ է առավելագույնս վերահսկելի քննչական մի մարմին, որը խափանումներ թույլ չի տա: Պետք է նկատել, որ սա ուժի ցուցադրության ակցիա է: Մաքսային միությանն անդամակցելուց հետո Սերժ Սարգսյանը մի քանի նման ակցիաներ արդեն իսկ իրականացրել է: Նա ազատ արձակեց Լիսկայի որդուն և թիկնապահին, Գյումրիում հանդիպեց Վարդանիկին և նրա որդուն: Սրանք ակնհայտ մեսիջներ էին, որոնց մեջ ուժային բաղկացուցիչը ուղղակի աչք էր ծակում: Սակայն այս դեպքում ուժի ցուցադրությունը փաստորեն արդեն ունի համակարգային կամ ինստիտուցիոնալ դրսևորում: Այլ կերպ ասած՝ խոսքն արդեն տոտալ ռեպրեսիաների վտանգի մասին է»:

Առաջիկայում ստեղծվելիք նոր քննչական կառույցին է անդրադառնում նաև «Ժողովուրդ»-ը` խմբագրականում գրելով. - «Սա բավականին լուրջ կառուցվածքային փոփոխություն է, որի հիմնավորումը, սակայն, այդպես էլ իշխանությունների կողմից չի ներկայացվում հանրությանը: Օրինակ, շարքային քաղաքացու համար հասկանալի չէ, թե այս նորաստեղծ մարմնի ձևավորմամբ ինչ է փոխվելու, որքանով է դա նպաստելու Հայաստանում քննչական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Եվ ամենակարևորը` եթե սա քննչական մարմինների աշխատանքի կազմակերպման առավել արդյունավետ մոդել է, ապա ինչո՞ւ էին Հայաստանի իշխանություններն այսքան տարի սպասում և միայն Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո ձեռնամուխ լինում դրա ձևավորմանը: Սրանք հարցեր են, որոնց, սակայն, հայրենի իշխանությունները դժվար թե հարկ համարեն պատասխանել, քանի որ նրանք վաղուց դադարել են իրենց գործողություններում հաշվետու լինել հանրությանը: Փոխարենը արդեն սովորական է դարձել այն, որ Սերժ Սարգսյանը հատուկ իրեն լավ ծառայած մարդկանց համար ստեղծում է պետական միջոցներով ֆինանսավորվող նորանոր պաշտոններ»:

«Երեկ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել վերացնել մոլդովական գինու ներկրմանն առնչվող բոլոր սահմանափակումները: Սա Եվրամիության պատասխանն էր Ռուսաստանին, որը սեպտեմբերի 11-ին կասեցրեց մոլդովական գինու ներկրումը: Այսպիսով մոտ ապագայում Ռուսաստանում արգելված մոլդովական գինին կվաճառվի Եվրամիությունում: Եվրահանձնաժողովը որոշել է Մոլդովայից ալկոհոլային արտադրանքի համար վաղաժամ ազատականացնել Եվրամիության շուկան», - գրում է «168 ժամ» թերթն ու բխեցնում. - «Մոլդովայի շուրջ կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, որ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, ստորագրեր Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի համաձայնագիրը և անգամ Ռուսաստանի կողմից կիրառվեին ամենախիստ պատժամիջոցներ, Եվրամիությանն արագացված ռեժիմով իր շուկան կբացեր անգամ այն հայկական ապրանքների համար, որոնք այնքան էլ լավ չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Բայց Հայաստանն ընտրեց Մաքսային միությունը` ըստ էության կորցնելով գրեթե անարգել մոտ 500 միլիոնանոց եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունը»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայի «Կրեմլյովսկի» դահլիճում` բավականին շքեղ պայմաններում, նշվելու է Ռուսաստանի հայերի միության տասնամյակը: Ըստ Պուտինի` 2,5 միլիոնանոց համայնքի տասնամյակը: Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ` հանդիսությանը կմասնակցի նաև ինքը` Վլադիմիր Վլադիմիրովիչը: Ըստ նույն աղբյուրների, դրանով է պատճառաբանել Վլադիմիրովիչը իր բացակայությունը հայկական եկեղեցու բացման արարողությանը: «Հետո էլ` Ռուսաստանը բազմազգ, բազմակրոն երկիր է, և եթե ՌԴ նախագահը փորձի մասնակցել էթնիկ մի խմբի հոգևոր կառույցի բացման արարողությանը, ապա ստիպված կլինի մասնակցել բոլոր մզկիթների, տաճարների բացմանը», - բացատրում են մոսկվաբնակ հայերը: Արարողությանը մասնակցելու համար Մոսկվա կմեկնի նաև հայաստանյան բավականին ներկայացուցչական պատվիրակություն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG