Մատչելիության հղումներ

Սպանված տաքսիստի հարազատները կասկածներ ունեն


Armenia - Cars parked in downtown Yerevan, 07Aug2013.
Armenia - Cars parked in downtown Yerevan, 07Aug2013.

Երևանի կենտրոնում հուլիսի 25-ին անհայտ անձի կողմից սպանված 33-ամյա տաքսիստ Վահան Հովհաննիսյանի ընտանիքը կասկածելի է համարում այս սպանության չբացահայտումը։

Հարազատները տարակուսած են՝ իրավապահներն անկարո՞ղ են գտնել քաղաքի սրտում, տասնյակ մարդկանց աչքի առաջ տաքսիստին գնդակահարողին, թե՞ այնպիսի մարդ է կրակողը, որին գերադասում են չհետապնդել։

«Վահանը ոչ կրիմինալ էր, ոչ բիզնեսմեն, շարքային քաղաքացի էր, տաքսի վարելով ընտանիքի օրվա հացը վաստակող», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էր մայրը՝ Մելիտա Հովհաննիսյանը:

Մահացած տաքսիստը անչափահաս երեխաներ ունի՝ երկու և ութ տարեկան աղջիկներ:

«Գրավ ենք դրել տունը, ու որպեսզի գրավի հարցը լուծի, գիշեր- ցերեկ աշխատում էր: Գալիս՝ բազմոցին շորերով պառկում էր, երբեմն՝ կոշիկներով, որովհետև սպասում էր, որ հանկարծ հաճախորդ կզանգի, ինքը դուրս կգա։ Գիտե՞ք ինչ վիճակում ենք հայտնվել, գիշերը պստիկը վեր է կենում, լաց է լինում ՝ «ես պապանիս եմ ուզում, թող պապան գա պաչիկ անի, որ ես չլացեմ»։ Մեծն էլ ասում է՝ «պապան գիշերը գալիս ա, մեր մոտ քնում, հետո առավոտ շուտ վեր կենում, գնում, մենք իրեն չենք տեսնում»,- վշտացած ասում էր սպանվածի մայրը։

Դեպքը պատահել էր հուլիսի 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Մաշտոց- Թումանյան խաչմերուկում, «Մեղեդի» սրճարանի դիմաց։ Նախնական տեղեկություններով, տաքսիստի հետ վիճաբանել է ինչ-որ հեծանվորդ, կրակել նրա վրա, կրակելուց հետո ոտքերով հարվածել է վիրավորված տաքսիստին, ապա նստել իր հեծանիվն ու հանգիստ հեռացել։ Վահան Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել է։ Հարազատների փոխանցմամբ, քննչական մարմնի վարկածը ոչ թե կանխամտածված և կազմակերպված սպանությունն է, այլ հեծանվորդի և տաքսու վարորդի միջև փողոցում ծագած կարճատև իրավիճակային վեճին հաջորդած կրակոցը։ Ընտանիքի անդամները պատմում էին, որ այդ պահին Վահանն աշխատանքի մեջ է եղել, դեպքից 10-15 րոպե առաջ սովորականի պես կնոջն է զանգել, և որևէ արտառոց բան չեն նկատել։ Նրանք արժանահավատ չեն համարում ոստիկանության պարզաբանումները, թե երկու ամիս հանցագործին չգտնելու պատճառներից մեկն էլ ականատես վկաների բացակայությունն է, պնդելով, որ մոտ հինգ տասնյակ մարդ է հավաքվել դեպքի վայրում:

«Վիճաբանությունը տևել է երկու-երեք րոպե: Չգիտեմ ինչ թեմայով, ասում են՝ հեծանվորդը նստել է մեքենա, մեքենայում էլ են զրուցել, հետո դուրս է եկել, դրսից միանգամից դրել է կրծքավանդակին ու կրակել է։ Այնպես չի, որ ցանկացել է ուսին կրակի, միամիտ փախել է փամփուշտը։ 30-35 տարեկան երիտասարդ է եղել, վարդագույն վերնաշապիկով, ջինսե տաբատով ու կեպիով»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց եղբայրը՝ Արմեն Հովհաննիսյանը։

«Չգիտեմ խոսակցություն է եղել, թե ինչ, հետո Վահանը փորձել է քշել գնալ, բայց ըստ երևույթին, հիշոց է լսել հետևից, այդ հեծանվորդը ինչ-որ վիրավորական բան է ասել, ինքը կանգնեցրել է մեքենան, չի հասցրել դուրս գալ, էդ տղան եկել ու իր գործն արել է», - պատմեց մայրը,- «Հետո էլ, ըստ տաքսիստների պատմածի, շատ հանգիստ շրջվել է, նստել իր հեծանիվը, շատ հանգիստ, անխռով անցել է ճանապարհը, սպասել է մինչև լուսացույցի լույսը կփոխվի ու հեռացել է։ Ես կարծում եմ, կամ թմրամոլ անջատվածի մեկը կարող էր լիներ, կամ այնպիսի մեկը, որ թիկունքում այնպիսի պաշտպանություն ունի, որ իր համար միևնույնն էր՝ մարդ էր, թե՝ մրջյուն։ Ավելի շատ հակված եմ մտածելու, որ այնպիսի մեկի տղան է, որը հաստատապես գիտի, որ իրեն ոչինչ չի լինի»։

Սպանվածի հարազատների կասկածը հարուցում է հատկապես այն փաստը, թե ինչպե՞ս է հանցագործին հաջողվել հանգիստ նստել իր հեծանիվը, առանց փախչելու փորձի հանգիստ շարունակել ընթացքը Բաղրամյան պողոտայով, ինչպե՞ս նրան չեն բռնել քաղաքի այդ հատվածները հսկող ոստիկանները, և ի վերջո՝ ինչպե՞ս չի հաջողվում հանցագործին հայտնաբերել այդ փողոցներում տեղադրված տեսախցիկների օգնությամբ։ Թումանյան-Մաշտոց խաչմերուկում այս պահին 4 տեսախցիկ է աշխատում։ Ի դեպ՝ զենքը, նախնական տվյալներով, եղել է ապօրինի, ուստի հարազատները հարցնում են, ինչպես է նրան հաջողվել, թեկուզ մինչ դեպքը, ապօրինի զենքը գրպանում հեծանիվով ազատ շրջել փողոցում և դա ոչ ոք չի նկատել։

«Մարդը զենքով ման է գալիս, երևի հակում ունի որսորդության, բայց քանի որ բեզոարյան այծը կարմիր գրքում է, որոշել է մարդ սպանի։ Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի չի կարող է վստահ լինել, որ երեկոյան կհասնի տուն»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը։

Վահան Հովհաննիսյանի կինը՝ Հասմիկ Սաֆարյանը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով նպաստել, որպեսզի մարդասպանը բացահայտվի։

«Նման փաստերի ու վկաների առկայության դեպքում ՀՀ իրավապահ մարմինները ի զորու չեն բացահայտել: Մեղմ ասած՝ տարակուսում եմ: Թերևս երկրում ձևավորվել է «ընտրյալների» մի խումբ, որոնք անպատիժ պիտի մնան ցանկացած դեպքում»,-նշված է նամակում։

ՀՀ ոստիկանության պնդմամբ, արվում է հնարավորը՝ հանցագործությունը բացահայտելու համար, պարզապես դա որոշակի ժամանակի խնդիր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG