Մատչելիության հղումներ

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներն այսօր հերթական անգամ հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց:

Հավաքվածները հիմնականում բորտուղեկցորդներ էին: Ասացին, որ «Արմավիա» ընկերությունն իրենցից ոմանց չի վճարել մարտ-ապրիլ ամիսների աշխատավարձերը և օրապահիկները: Վերջինի մասով մոտ 20 հոգի դիմել է դատարան:

«Արմավիայի» նախկին բորտուղեկցորդուհի Քրիստինա Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը դատարան դիմողներին պատժելու համար հրաժարվում է աշխատավարձ վճարել:

«Աշխատավարձը, որը սկսել էին բաժանել, և արդեն հույս ունեինք, որ պետք է ստանայինք, նա հենց մեզ՝ քսանիս սառեցրել է: Իհարկե, Բաղդասարովը մեզ չի ընդունում, գլխավոր տնօրենը մեզ չի ընդունում, բայց մեզ ընդունում է ֆինտնօրենը, որը բացահայտորեն ասաց՝ Բաղդասարովը կոնկրետ ձեր քսանի վերաբերյալ հրահանգ է տվել, որ աշխատավարձ չբաժանեն», - պատմեց նա:

«Արմավիայի» նախկին աշխատակիցների խոսքով, ընդամենը 1 դատական նիստ է հրավիրվել, որին «Արմավիան» չի ներկայացել: Ավիաընկերության նախկին աշխատակիցներից մի քանիսը այսօր հանդիպեցին նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի աշխատակիցներին: Հանդիպումից հետո Քրիստինե Մկրտչյանը ներկայացրեց հանդիպման մանրամասները, ասաց, որ նախագահականի աշխատակիցներն ասել են՝ Բաղդասարովը նման իրավունք ունի և բորտուղեկցորդուհիներին խորհուրդ են տվել դիմել դատարան:

«Օդաչուները մի տարի առաջ դիմել են դատարան, մինչև հիմա իրենց գործը լուծում չի ստացել», - հիշեցրեց Քրիստինե Մկրտչյանը:

«Արմավիա» ընկերությունում կարծում են, որ դատարան դիմած ու բողոքի ակցիա իրականացնող նախկին աշխատակիցներին ոմանք դիտավորյալ ուղղորդում են, սակայն չհաստակեցրին՝ կոնկրետ ովքեր: «Արմավիայի» սեփականատեր Միքայել Բաղդասարովն անում է ամեն ինչ, որ փակի աշխատավարձերի պարտքերը, վստահեցրին ընկերությունից, հավելելով, որ հիմնական աշխատավարձերը տալուց հետո միայն կանցնեն օրապահիկները վճարելուն: Ինչ վերաբերում է դատարան դիմածներին պատժելուն և աշխատավարձ չտալուն, ընկերությունում դա դատարկ խոսակցություն որակեցին:

«Արմավիայի» նախկին աշխատակիցներն այսօր ասացին, որ իրենց աշխատավարձերի խնդրով դիմելու են նաև կառավարությանը, իսկ եթե հարցի լուծում չստանան, միգուցե քաղաքական ապաստան հայցեն Ամերիկայի միացյալ նահանգներից: Այդուհանդերձ, «Արմավիայի» նախկին աշխատակիցները վստահ են, որ իրենց կհաջողվի ստանալ իրենց աշխատավարձերն ամբողջությամբ:
XS
SM
MD
LG