Մատչելիության հղումներ

«Ռադիո Հայ» և «Հայ FM» ռադիոկայանները գործադուլ են հայտարարել


 ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդիաս Ղուկասյան

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդիաս Ղուկասյան

«Ռադիո Հայ» և «Հայ FM» ռադիոկայանները այսօրվանից հայտարարել են տասնօրյա գործադուլ՝ անցնելով հեռարձակման միայն ավտոմատացված ռեժիմի:

Պետական եկամուտների կոմիտեի ստուգումներից դժգոհող ռադիոընկերությունները կեսօրին մեկ ժամով դադարեցնում են հեռարձակումը՝ ունկնդիրներին տեղեկացնելով, որ վտանգնված է ռադիոկայանների հետագա գործունեությունը:

Ռադիոկայանները ղեկավարող Անդրիաս Ղուկասյանը, ով փետրվարին առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու, համոզված է, որ սա քաղաքական հետապնդում է․ իշխանությունները արտահերթ հարկային ստուգումների միջոցով փորձում են ճնշում բանեցնել:

Անդրիաս Ղուկասյանը մատնացույց է անում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանից ստացած առաջադրանք-գրությունը, որով նախօրեին ռադիոկայան են եկել կոմիտեի աշխատակիցները։

«Ռադիո Հայ»-ի և «Հայ FM»-ի ղեկավարը պնդում է, որ հարկային ծառայության գործողություններն ապօրինի են:

Ռադիոկայանները հրաժարվում են թույլ տալ անցկացնել հարկային ստուգումները և ընտրել են հարկադիր պարապուրդի տարբերակը: Հաշվապահությունում հատկապես տարակուսած են, որ կոմիտեն հետաքրքրված է, թե 4 տարի առաջ ինչ է կատարվել «Ռադիո Հայ»-ում և «Հայ FM»-ում:

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով նախընտրական քարոզչության մեկ ամիսը հացադուլի մեջ անցկացրեց՝ պահանջելով անվավեր ճանաչել Սերժ Սարգսյանի գրանցումը որպես նախագահի թեկնածու, այժմ ակտիվորեն ներգրավված է քաղաքացիական տարբեր շարժումներում՝ գազի և ուղեվարձի թանկացման դեմ պայքարից մինչև քաղաքապետարանի պաշտոնյաների հրաժարականների պահանջով ակցիաները:

Ղուկասյանը վստահ է, որ փորձ է արվում սանձել քաղաքացիական նախաձեռնությունները․ - «Խմբագրության արձագանքն արդեն քաղաքական գնահատականն էր այս գործողությունների: Բոլորս հիշում ենք ԳԱԼԱ TV-ի հետ իրադարձությունները, որոնք տեղի ունեցան հարկային մարմինների հետ կապված: Սա դասական հետշրջադարձ է իշխող վարչախմբի: Այդ շրջադարձը տարբեր ոլորտներում կա»:

Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ իր ղեկավարած կառույցները թափանցիկ են աշխատում, հարկային մարմիններին հետաքրքրող բոլոր տեղեկությունները արդեն իսկ ներկայացրել են հաշվետվություններում:

Մինչդեռ Պետական եկամուտների կոմիտեից այսօր մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ «Ռադիո Հայ»-ի և «Հայ FM»-ում ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն է իրականացվելու, ինչը օրենքով նախատեսված է:

Կոմիտեից հակադարձում են, թե այս ռադիոկայանները տնտեսվարող սուբյեկտներ են և ուսումնասիրություն չիրականացնելու որևէ արտոնություն դրանց համար նախատեսված չէ: Ավելին՝ հարկային ծառայությունը հիշեցնում է, որ պաշտոնատար անձանց օրինական պահանջները չկատարելը, աշխատանքներին խոչընդոտելը պատասխանատվություն է առաջացնում:

Ի դեպ, այս օրերին «Ռադիո Հայ»-ը և «Հայ FM»-ը նաև մեկ այլ խնդրի առջև են կանգնել․ քաղաքապետարանը դատարանի միջոցով պահանջում է ռադիոընկերություններից ազատել քաղաքային իշխանություններին պատկանող թիվ 2 վարչական շենքի տարածքը, որը տարիներ առաջ անվարձահատույց տրվել էր այս ռադիոկայաններին:

Անդրիաս Ղուկասյանը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ համոզմունք հայտնելով, որ այս քայլը ևս իր դեմ բանեցվող ճնշումների շարքից է:
XS
SM
MD
LG