Մատչելիության հղումներ

11-րդ «Հայֆեստ»-ը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին


«Հայֆեստ» փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյան

«Հայֆեստ» փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյան

Հոկտեմբերի 1-ից «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը 11-րդ անգամ կհյուրընկալի տարբեր երկրներից ժամանած թատերախմբերի:

Մեծ Բրիտանիայից, Իտալիայից , Լիտվայից, Լատվիայից, Ռուսաստանից և այլ (թվով 18) երկրներից ժամանելիք 25 թատերախումբ այս աշնանը հանդես կգա մեր արվեստասերների համար:

Փառատոնի մասնակից թատերախմբերն այս տարի մեր հանդիսատեսին կներկայացնեն թե՛ դասական, թե՛ ժամանակակից պիեսներ, կլինեն նաև պարային բեմադրություններ, մուլտիմեդիա բեմադրություն:

Կլինի նաև մոնոներկայացում՝ ռուսական Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի «Ուզբեկ» մոնոներակացումը:

Հայաստանից մասնակցում են թատերախմբեր Երևանից, Գյումրիից ու Վայոց Ձորից:

Այսօր հրավիրած ասուլիսում փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ անցկացվելու են նաև վարպետության դասեր, կլոր սեղաններ:

Մշակույթի նախարարությունը, ինչպես փոխանցեց Ղուկասյանը, փառատոնի անցկացմանը տրամադրել է 32 մլն դրամ (անցած տարի նախարարությունը հատկացրել էր 33 մլն դրամի): Փոխարենը այս տարի փառատոնին 500 հազար դրամով աջակցել է նաև Երևանի քաղաքապետարանը:

«Հայֆեստ»-ն այս անգամ կմեկնարկի բրիտանական «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացմամբ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկակակն թատրոնում:
Այն լավագույնն է ճանաչվել այս տարի Էդինբուրգի հեղինակավոր միջազգային փառատոնին, և Արթուր Ղուկասյանի կարծիքով, գալիք «Հայֆեստ»-ի լավագույն բեմադրությունն է:

Ի դեպ, բացի փառատոնի առաջին ներկայացումներից, մուտքը հանդիսատեսի համար ազատ է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե անցած տասնամյակի ընթացքում ինչ է փոխել «Հայֆեստ»-ը մեր թատերական կյանքում, Ղուկասյանն արձագանքեց, թե առհասարակ ոչ միայն այս, այլև նման բոլոր փառատոներն այսօր շատ անհրաժեշտ են մեր հասարակությանը, այսօրվա հայ մարդուն, երիտասարդին․ - «Յուրաքանչյուր մշակութային միջոցառման իմաստը մարդկանց ակտիվացնելն է: Դա մշակութային քաղաքականության հիմնաքարերից մեկն է․ որ մարդիկ մշակույթի ասպարեզում լինեն ակտիվ»:
XS
SM
MD
LG