Մատչելիության հղումներ

Նախագահը ԵԽԽՎ-ում կպատասխանի ՄՄ մտնելու վերաբերյալ հարցերին


Ստրասբուրգ-- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, 22-ը հունվարի, 2011

Ստրասբուրգ-- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, 22-ը հունվարի, 2011

Սեպտեմբերի 30-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որտեղ ելույթ է ունենալու նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Մաքսային միություն մտնելու՝ սեպտեմբերի 3-ի անակնկալ հայտարարությունից հետո սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Եվրոպա: Թե ինչ շեշտադրումներ կունենա Հայաստանի ղեկավարի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, պարզ կլինի հոկտեմբերի 2-ին, սակայն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամների համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա այն հարցին, թե ինչու Հայաստանը չորս տարի Եվրամիության Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները բարեհաջող ավարտելուց հետո, անակնկալ կերպով որոշեց մտնել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն: Այս հարցը, բնականաբար, կհետաքրքրի ոչ միայն Հայաստանի օրենսդիրներին, այլև եվրոպացի պատգամավորներին, ովքեր Սերժ Սարգսյանի ելույթից հետո նրան հարցեր տալու հնարավորություն են ունենալու:

Ի դեպ, Սերժ Սարգսյանին հարց տալու համար արդեն իսկ հերթագրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Թե կոնկրետ ինչ հարցադրումներ է հնչեցնելու, Փոստանջյանը չցանկացավ բացել փակագծերը, սակայն ընդգծեց, թե Սերժ Սարգսյանը չի կարող շրջանցել Մաքսային միություն մտնելու որոշման հետ կապված հարցերը։

«Ես կարող եմ ասել, որ իր ելույթը պետք է լինի մեղանչական հաշվետվություն այդ կառույցի առջև։ Նա պարտավոր է անդրադառնալ [Մաքսային միություն մտնելու որոշմանը], որովհետև այնտեղ այլ պատվիրակներ իրեն հարցեր կհղեն։ Հարցերը պետք է լինեն հենց այդ համատեքստում, հենց այնպես չէին նրան հովանավորում և շնորհավորում, և հենց այնպես չէր, որ գերտերությունների այդ շահերը այդ պահին համընկել էին կեղծարարների և այդ կեղծիքով նշանակված անձի հետ»,- ասաց Փոստանջյանը։

Այն, որ Խորհրդարանական վեհաժողովում եվրոպացի պատգամավորները Սերժ Սարգսյանին հարցեր կուղղեն Մաքսային միություն մտնելու նրա որոշման շուրջ, վստահ է նաև հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, սակայն, անձամբ Հայաստանի ղեկավարին հարց չի ուղղի, քանի որ կարծում է, թե կոռեկտ չէ ներքին խնդիրները բարձրաձայնել միջազգային հարթակներում։

«Կարծում եմ, նախագահը իր ելույթում անպայման կանդրադառնա Մաքսային միությանը անդամակցելու քաղաքական որոշմանը, որովհետև ակնհայտ է, որ եվրոպացի պատգամավորները անպայմանորեն նման հարցադրումներ ուղղելու են նախագահին։ Անձամբ ինձ ևս հետաքրքիր է, որովհետև, ըստ էության, բոլորը խոսել են այդ մասին, բացի նախագահից»,- նկատեց Զոհրաբյանը։

Անդրադառնալով իշխանության այլ ներկայացուցիչների մինչև այժմ հնչեցրած բացատրություններին, թե Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը բխում է պետության շահերից ու նաև անվտանգությունից,Նաիրա Զոհրաբյանը հետևյալ հարցադրումն է անում՝ ինչո՞ւ էին այդ դեպքում Հայաստանի իշխանությունները չորս տարի շարունակ բանակցում Եվրամիության Ասոցացման ծրագրի շուրջ։

«Հիմա անգամ մեղադրում են իրենց իսկ իշխանությանը, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման պայմանագրում Ղարաբաղի հետ կապված ոչ շահեկան ձևակերպում է եղել։ Ես՝ ինքս, որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ չեմ տեսել Հայաստան-Եվրամիություն Ասոցացման պայմանագիրը և չեմ կարող ասել՝ իրենք ճիշտ են ասում, թե՝ ոչ։ Բայց եթե ընդունենք, որ մեզ համար եվրոպական շուկան շահավետ չէր, որ Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսային սահման պիտի դրվեր, հարց է առաջանում՝ բա չորս տարի ինչո՞վ էիք զբաղված»,- ասաց նա։

Զոհրաբյանը, սակայն, հրաժարվեց ասել, թե ի վերջո իրենք կողմ են Մաքսային միությանը, թե՝ ոչ։ ԲՀԿ-ական պատգամավորի փոխանցմամբ՝ եթե հանրապետականները չիմանալով ինչ փաստաթուղթ են ստորագրելու, միևնույն է՝ պնդում են, թե Մաքսային միությունը բխում է Հայաստանի շահերից, ապա ԲՀԿ-ն լուրջ քաղաքական ուժ է, հետևաբար մինչև չտեսնեն այդ փաստաթուղթը, որևէ կարծիք չեն հայտնի:

Հավելենք, որ հաջորդ շաբաթվանից մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի նախագահի ելույթից բացի սեպտեմբերի 30-ին նախատեսված է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը: Հիշեցնենք՝ այս տարվա մայիսից Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Նոյեմբերին այդ լիազորությունները կփոխանցվեն Ավստրիային, իսկ հաջորդ տարվա մայիսից Ադրբեջանին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG