Մատչելիության հղումներ

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդուարդ Դալլաքյանը երեկ հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտում զոհվել է ականի պայթյունից:

Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց ողբերգական միջադեպի մանրամասները․ - «26 տարեկան տղա է, ամուսնացած: Մեկ տարի չկա, որ ամուսնացել է, կինը հղի է: Անասունը սահմանն անցնելիս է եղել, գնացել է, որ անասունը հետ բերի: Ականի վրա պայթել է: Զանգել է, տեղյակ պահել, բայց գյուղից գնացել են, կրակոցների պատճառով վիրավորին ուշ են հանել: Բժիշկը մինչև սահման գնացել է, մինչև դեպքի վայրը գնացել է: 30 մետր դեպքի վայրից ներքև առաջին օգնությունը ցույց է տվել, հետո բերել են․ ճանապարհին, գյուղ չհասած արյունաքամ է եղել, մահացել»:

Հարցին, թե արդյոք չեն եղել նախազգուշացնող նշաններ, որ այդ տարածքն ականապատված է, գյուղապետն արձագանքեց․ - «Կան: Ուղղակի այդ տղայի անասունները անցնելիս են եղել․․․ ուզել է հետ բերի, դրա համար էլ խորացել է»:

Սաֆարյանի համոզմամբ՝ եթե ադրբեջանական կողմից չկրակեին, հնարավոր կլիներ փրկել երիտասարդի կյանքը:

Գյուղապետը նաև ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ այդ հատվածում ականի պայթյունից տուժում են խաղաղ բնակիչները:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կատարվածի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ - «Սա տիպիկ այն օրինակներից է, երբ սահմանագծին փոխվստահության պակասի արդյունքում, վերահսկողության համապատասխան մեխանիզմների պակասի պատճառով զոհվում են խաղաղ բնակիչներ: Ինչպես միշտ մենք հանդես ենք եկել առաջարկներով, որ սահմանագծի վրա լինեն համապատասխան դեպքերի քննության մեխանիզմներ, շփման հնարավորություններ՝ թեկուզ հեռախոսազանգերով, հրամանատարների միջոցով»:

Ըստ Հովհաննիսյանի, նման դեպքում գուցե հնարավոր լիներ խուսափել ողբերգական միջադեպից․ - «Կարելի էր ուղղակի կապ հաստատել, եթե լիներ հակառակորդի կողմից համապատասխան կամքի դրսևորում, զգուշացնել, որ քաղաքացիական մարդ է»:

Հարցին, թե ինչ պետք է անել բացառելու համար նման դեպքերը, Պաշտպանության նախարարության խոսնակն արձագանքեց․ - «Լիարժեք բացառել չես կարող նման բանը, եթե սահմանագծի վրա համապատասխան վստահության միջավայր ստեղծված չէ»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ քաղաքացիական անձի մահվան փաստով ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG