Մատչելիության հղումներ

Հայաստանը և Հունաստանը ռազմական համագործակցության ծրագիր ստորագրեցին


Սերժ Սարգսյանի և Միխաիլ Կոստարակոսի հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Սերժ Սարգսյանի և Միխաիլ Կոստարակոսի հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Հայաստանն ու Հունաստանը չորեքշաբթի օրը ստորագրեցին 2014 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը, որը նախատեսում է փոխգործակցություն ուսումնական, վարժակական և անվտանգության հարցերում:

Հայ - հունական ռազմական համագործակցության ծրագիրը ստորագրվեց Երևան Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի այցի արդյունքում:

Գեներալ Կոստարակոսին առավոտյան ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր խոսքում նշել է, թե «երկու երկրների միջև անցած տարիներին ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական ակտիվ երկխոսություն և սերտ փոխգործակցություն ռազմական ոլորտում»:

Կեսօրին մոտ պաշտպանության նախարարությունում Միխաիլ Կոստարակոսին ընդունեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Շուրջ մեկևկես ժամ տևած բանակցություններից հետո ստորագրվեց գալիք տարվա ռազմական համագործակցության ծրագիրը:

Իր խոսքում ներկայացնելով համագործակցության ոլորտները՝ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշեց, թե 2014 թվականի փոխգործակցությունը նախատեսում է թվով տասը միջոցառումներ՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը:

Իր հերթին, գեներալ Միխաիլ Կոստարակոսն ընդգծեց, որ Հայաստանի ու Հունաստանի համագործակցությունն ունի ռազմավարական բնույթ: «Այդ համագործակցության հիմքերը պատմական են, երբ մեր երկու ազգերը սերտ կապեր են ունեցել», - ասաց նա:

Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետն այսօր այցելել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Նախատեսված է, որ օրվա երկրորդ կեսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրան ընդունելու է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG