Մատչելիության հղումներ

«Ցանկացած այլ ձևաչափ չի կարող փոխարինել Ասոցացման համաձայնագիրը»


Բելգիա - Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց

Բելգիա - Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման դրված փաստաթուղթը և եվրոպական ընտանիքի հետ համագործակցության ցանկացած ձևաչափ չի կարող փոխարինել Ասոցացման համաձայնագիրը: «Ազատություն» ռադիոկայանին հետ հարցազրույցում այդ մասին ասաց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

«Ասոցացման համաձայնագրին դա չի փոխարինի, սակայն դա շատ լավ է, դա պետք է լինի՝ Հայաստանը պիտի միանա Եվրամիության տարբեր համաձայնագրերին, Հայաստանի համապատասխան գործակալությունները պետք է դառնան տարբեր ցանցերի անդամ», - նշեց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրենը:

Եվրախորհրդարանում քննարկվող նախագիծը ենթադրում է Հայաստանի համագործակցություն Եվրամիության գործակալությունների հետ ամենատարբեր ոլորտներում՝ բնապահպանությունից մինչև պաշտպանություն:

Գևորգ Տեր-Գաբրիելյանի խոսքերով՝ «դրանք բոլորը մասնավոր համաձայնագրեր են, համաձայնություններ, որոնց միասնությունը նույնպես երբևէ չի փոխարինի ավելի ռազմամավարական Ասոցացման համաձայնագրին, որը քաղաքական և ռազմավարական փուլ կլիներ Հայաստանի կյանքում»:

«Նույնիսկ եթե Եվրամիությունը հիմա ինչ-որ փոխարինող բան պատրաստի՝ էլի շատ լավ բան է, բայց դրանք ընդամենը երես պահելու միջոց են, այսինքն՝ ձև թափել, թե լավ խաղ ես խաղում՝ վատ խաղի պայմաններում», - ընդգծեց Տեր-Գաբրիելյանը:

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վերջերս Հայաստան իր այցի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշել էր․ - «Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը: Ես ասացի այդ մասին [նախագահին], և ասացի, որ եթե հավատ և վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ և վստահություն չկա»:

Խոսելով Ֆյուլեի այս հայտարարության մասին՝ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրենը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «վստահությունը կորել է Հայաստանի քաղաքական վերնախավի նկատմամբ՝ այն պարզ պատճառով, որ նրանց երբևէ ասված չի եղել, որ հնարավոր է այսպիսի քայլ, այսինքն՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին անսպասելի հայտարարությունը»:

Հարցին՝ արդյոք Եվրամիության մի շարք գործակալությունների հետ համագործակցությունն ու վերոնշյալ համաձայնագրին միանալը կնշանակի՞ Հայաստանի իշխանությունների նկատմամբ Եվրամիության վստահության որոշ չափով վերականգնում, Տեր-Գաբրիելյանը պատասխանեց․ - «Հայաստանի նկատմամբ Եվրոպայի և Եվրամիության վերաբերմունքը միշտ էլ եղել է քիչ թե շատ բարյացակամ՝ ինչո՞ւ պիտի վատ լինի, և ոչ մի պատիժ նրանք Հայաստանին չեն ուզում ցուցաբերած լինել, որովհետև Հայաստանի վերնախավը իրենց խաբել է: Նրանք ուզում են պարզապես զարգացնել բարիդրացիական լավ հարաբերություններ և, ի վերջո, էլի ուզում են օգնել Հայաստանին»:

«Ուրիշ բան, որ առանձին պետություններ, և դա արդեն նկատվում է, կսկսեն սուր արտահայտություններ անել ղարաբաղյան հարցի հետ կապված, որովհետև նրանք տվյալ պահին Հայաստանը ընկալելու են որպես Ռուսաստանի քաղաքական ոլորտում գտնվող մի միավոր, այսինքն՝ Հայաստանին քննադատելով՝ նրանք Ռուսաստանին են ուղերձը իրենց ուղղելու», - հավելեց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրենը:

Եվրամիության մի շարք գործակալությունների հետ համագործակցելու հարցով մեկ տարի առաջ պաշտոնական Բրյուսելին դիմել էին հենց Հայաստանի իշխանությունները: Խնդրանքը բավարարելու համար եվրոպացի պատգամավորները ամիսներ առաջ սկսել էին հատուկ համաձայնագիր մշակել, որը երեկ, ըստ նախապես հաստատված օրակարգի, քննարկման դրվեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG