Մատչելիության հղումներ

Էլմար Բրոկ․ «Հայաստա՛նը կորցրեց իր եվրոպական հեռանկարը»


Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկ, արխիվ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկ, արխիվ

«Ոչ թե մենք կորցրեցինք Հայաստանը, այլ Հայաստանը կորցրեց իր եվրոպական հեռանկարը․ սա է ճիշտ մոտեցումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը: «Եվ Հայաստանն այդ կորուստն ունեցավ Ռուսաստանի կողմից անհավանական մեծ ճնշման պատճառով, որ անվտանգության հարցով ճնշում էր», - հավելեց նա:

«Ահա թե ինչու պետք է ասեմ, որ ուղղակի անընդունելի է Ռուսաստանի կողմից նման ճնշումների բանեցումը, որ նրանք կիրառում են, որպեսզի կանխեն երկրների սուվերեն որոշումները` անդամակցելու իրենց նախընտրած միությանը», - հայտարարեց Բրոկը:

Երեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը քննարկում էր Եվրամիության հարևանության ծրագրի քաղաքականության առաջընթացի զեկույցը:

Հայաստանին վերաբերող գլուխը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը: Եթե ամռանը ներկայացված զեկույցում մինչ այդ ասվում էր, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրի շրջանակներում բավականին մեծ առաջընթաց ունի՝ չնայած ժողովրդավարության որոշակի պակասին, ապա Եվրախորհրդարանի առաջարկով հիմա Հայաստանի մասով լուրջ փոփոխություններ պետք է արվեն: Եվրամիությունը կորցնում է իր ազդեցությունը Վրաստանում և Հայաստանում, միաժամանակ՝ Մոսկվան մեծացնում է իր ազդեցությունը այս երկրներում, ասում էին Եվրախորհրդարանի պատգամավորները` որպես Եվրամիության հարևանության ծրագրի ձախողում հաճախ հիշատակելով Հայաստանը:

Իսկ Եվրախորհրդարանի ամենաազդեցիկ պատգամավորներից Յացեկ Վոլսկին, ով Հարևանության ծրագրի ջատագովներից է և Հայաստանի մասով համազեկուցողը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորը ափսոսանք հայտնեց Հայաստանի հետ ծախսած ջանքերի և ժամանակի համար:

«Մենք ափսոսում ենք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջողման համար Հայաստանի գործադրած ջանքերը, որոնց արդյունքում բանակցություններն ավարտվեցին` պատրաստելով Հայաստանի հետ համաձայնագրի նախաստորագրումը, ինչից հետո Հայաստանը որոշեց այլևս չասոցացվել Եվրամիության հետ և միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը` Բելառուսի, Ղազախստանի հետ: Դա սուվերեն որոշում է, և մենք հարգում ենք այն, սակայն ափսոսում ենք, որ իզուր այդքան ջանք և ժամանակ ծախսվեց երկու կողմից էլ», - ասաց Վոլսկին:

Եվրոպացի պատգամավորներից ոմանք պնդում էին, թե «Հայաստանում առաջընթաց չի եղել, հատկապես վերջին նորությունների ֆոնին` միանալ ոչ թե եվրոպական, այլ եվրասիական շուկային»:

Եվրախորհրդարանի մի քանի այլ պատգամավորներ էլ հորդորեցին երեք չթեքել Հայաստանից: Օրինակ, Եվրամիություն - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարուսը նշեց, որ ինքը վստահ չէ, թե Հայաստանն ընտրել է այս ուղին՝ այն մեկուսացված է և երբեմն ստիպված է որոշումներ կայացնել: «Մենք չպետք է մեր ձեռքերը լվանանք, մենք պետք է օգնենք Հայաստանին՝ հետ գալ եվրոպական ճանապարհին: Եվրամիությունը նաև պետք է օգնի Լեռնային Ղարաբաղի խնդրում՝ հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը», - նշեց հույն պատգամավորը:

Նույն հորդորը հնչեցրեց նաև Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը` ասելով, որ Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Հայաստանին:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համագործակցության նոր հնարավոր ձևաչափերին, Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան և ամենաազդեցիկ երկու ներկայացուցիչներն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում լավատես չգտնվեցին՝ նշելով, որ որևէ տեսակի փասստաթուղթ Վիլնյուսում չի ստորագրվի:

«Ես չգիտեմ..․ Մենք կպահենք մեր հարաբերությունները, բայց չենք ստորագրի Ասոցացման համաձայնագիր Մաքսային միության անդամ երկրի հետ», - ասաց Էլմար Բրոկը:

«Քանի որ Հայաստանը որոշել է Եվրամիության հետ ասոցացումից հրաժարվել, մենք կպահպանենք մեր լավ հարաբերությունները, բայց դրանք կլինեն այնպիսին, ինչպիսին շատ այլ երկրների հետ են` սովորական և ոչ արտոնյալ կարգավիճակով», - հայտարարեց Յացեկ Վոլսկին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG