Մատչելիության հղումներ

logo-print
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Նոր եմ վերադարձել Երևանում կայացած եռօրյա համաժողովից, որտեղ 40 հայ ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական, կրոնական ու մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 18 երկրներից (Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Դանիա, Եգիպտոս, Եթովպիա, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Հոլանդիա, Ռուսաստան, Սիրիա, Ուրուգվայ և Ֆրանսիա) մասնակցում էին դռնփակ ճեպազրույցների կառավարության բարձրաստիճան իշխանավորների հետ:

Մասնակիցները հանդիպումներ ունեցան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահի և խորհրդարանական բոլոր հանձնաժողովների նախագահների, Նախագահ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Քանի որ ճեպազրույցներում քննարկվում էին քաղաքական և ազգային անվտանգության զգայուն և գաղտնի հարցեր, կարող եմ բացահայտել միայն ընդհանուր թեմաները` առանց նշելու կոնկրետ բանախոսին կամ մասնակցին.

- Հայաստանի որոշումը միանալու ԱՊՀ Մաքսային միությանը` Եվրոպական ասոցացման համաձայնագրի ստորագրման փոխարեն.

- Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները և ջանքերը դրանց չեզոքացման համար.

- Նախապատրաստական աշխատանքներ Թուրքիայի դեմ հնարավոր միջազգային դատական հայցի` Հայոց ցեղասպանության համար հատուցում ապահովելու նպատակով.

- Ծրագրեր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համար.

- Ստորագրված, բայց չվավերացված Հայ-թուրքական արձանագրությունների կարգավիճակը.

- Հաղթանակած հայ զինվորի բարոյական գերազանցությունը` առավելություն Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման դեպքում.

- Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման գործում:

Սփյուռքի նախարարության կազմակերպած համաժողովը բացառիկ հնարավորություն էր ընձեռել մասնակիցներին ներկայացնելու իրենց քննադատական գնահատականները Հայրենիքում տիրող իրավիճակի մասին և անկեղծ հարցեր տալու Հայաստանի և Արցախի բարձրաստիճան իշխանավորներին: Քաղաքական առաջնորդները և Սփյուռքի նրանց հյուրերը մեծապես կարևորեցին մի կառույցի կամ ծրագրի անհապաղ անհրաժեշտությունը, որը կհամակարգի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերը: Համաժողովում և մամուլին տված հարցազրույցների ժամանակ ես առաջարկեցի ստեղծել մի համահայկական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված կլինեն ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, և որը միմիայն կզբաղվի Արցախի կարևորագույն խնդիրներով` Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի հանձնաժողովի նմանությամբ, բացառությամբ, որ Արցախի հանձնաժողովը կկրի մշտական բնույթ:

Սեպտեմբերի 21-ին համաժողովի մասնակիցները հրավիրվեցին հատուկ նախագահական ընդունելության Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Երեկոն ավարտվեց Հանրապետության հրապարակում կազմակերպված տպավորիչ համերգով և հրավառությամբ:
Նախքան Երևան ժամանելը ես մասնակցեցի Մոսկվայում հայկական Մայր Տաճարի օծման արարողությանը, որի կառուցման վրա, ինչպես հաղորդվում է, ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ` նվիրաբերված Ռուսաստանի առատաձեռն հայ գործարարների կողմից: Ակնկալվում է, որ այդ հոյակերտ եկեղեցական կառույցը և կից համայնքային կենտրոնը էական դեր կխաղան Ռուսաստանում բնակվող շուրջ երկու միլիոն հայերի հայոց լեզվի և քրիստոնեական հավատքի պահպանման գործում: Սեպտեմբերի 17-ի օծման արարողությանը ներկա էին Հայաստանի և Արցախի նախագահները, Գարեգին Բ կաթողիկոսը, բարձրաստիճան հայ հոգևորականներ տարբեր երկրներից և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը: Նախագահ Պուտինը չմասնակցեց արարողությանը` Մոսկվայից բացակայելու պատճառով:

Ռուսաստանի Հայոց թեմն այս հանդիսավոր առիթով մի շարք համերգներ, ընդունելություններ և հանդիսավոր ընթրիքներ էր կազմակերպել Մոսկվայում ամբողջ աշխարհից ժամանած մեծաթիվ հյուրերի համար: Գարեգին Բ կաթողիկոսը, որպես երախտիքի նշան, Հայոց եկեղեցու բարձրագույն պատվավոր մեդալներ շնորհեց Տաճարի կառուցմանը մասնակցած երկու տասնյակ բարերարների:
Մոսկվայում գտնվելու ընթացքում ներկա գտնվեցի ոսկերչությանը նվիրված մի քանի միջոցառումների, որոնք կազմակերպել էին Ռուսաստանի հայ ականավոր ոսկերիչները: Հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի ոսկերիչների հեղինակավոր գիլդիայի նախագահ է ընտրվել մի հայ ոսկերիչ` «Էստետ» ոսկերչական տան նախագահ Գագիկ Գևորգյանը: Պարոն Գևորգյանը Մոսկվայում գտնվող իր ընկերության կենտրոնական գրասենյակում հովանավորել էր Ոսկերչական բարեգործական տարեկան շքեղ պարահանդեսը, որին մասնակցում էին հազարից ավելի ոսկերիչներ և նրանց ընտանիքները, այդ թվում հայտնի հայ ոսկերիչներ Ֆրանսիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից:

Հպարտության մեծ զգացումով էի նայում Ռուսաստանի և Հյուսիսային Ամերիկայի հայ ոսկերիչների միությունների անդամներին, որոնք ուղերձներով դիմեցին Միջազգային ոսկերչական տնտեսական ֆորումի բարձրաստիճան հյուրերին և ցուցադրեցին իրենց բարձրարժեք աշխատանքները JUNWEX-ում` Ոսկերչության և ժամացույցների միջազգային XII ցուցահանդեսում:

Նախքան Մոսկվայից մեկնելը, մի քանի հեռուստահարցազրույցներ տվեցի և մասնակցեցի Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» նոր գրքի քննարկմանը:

Չնայած լարված գրաֆիկին` իմ ճամփորդությունը Մոսկվա և Երևան ստեղծեց կարևոր կապերի հնարավորություն Հայաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների` Սփյուռքի երկու ամենախոշոր համայնքների միջև էլ ավելի սերտ համագործակցության համար:


Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG