Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 25-ի մամուլ


«Ժամանակ»-ը զրուցել է վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի հետ: Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու քաղաքական հետևանքներին՝ փորձագետը նշում է․ - «Մաքսային միությանը միանալու մասին քաղաքական որոշում կայացնելով՝ Հայաստանը ըստ էության ուզում է ասել, որ այսուհետ իր քաղաքական, տնտեսական կամ այլ կարգի պետական առաջնահերթությունները սահմանվելու են այդ կառույցի ուղեծրում՝ դրա տրամաբանությունից ելնելով: Դա նշանակում է, որ որևէ պետություն Հայաստանի հետ հարաբերություններում այլևս կարող է խոսել Մաքսային միության շրջանակում տիրապետող դիրք ունեցող երկրների և ոչ թե Հայաստանի հետ: Տվյալ դեպքում եթե ՌԴ-ի հետ կարողանան լուծել հարցերը, ՀՀ-ին այլևս հարցնելու կարիք չի լինի, քանի որ ՀՀ-ն իրեն ստորադասում է ՄՄ-ին: Խոսելու են այն երկրների հետ, ովքեր կարող են ՀՀ-ին պարտադրել: Եվ կարող եմ մեկնաբանել, որ ՀՀ-ն ինքնակամ վերածվում է պարազիտ պետության, պարազիտ հասարակության, որն ընդունակ չէ ինքնուրույն զարգանալ, ստեղծել ինքնուրույն կենսագործունեության, անվտանգության համակարգ, և որը կարողանում է միայն գոյատևել՝ կցվելով ավելի մեծ համակարգի»:

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյսը երեկ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ոչ ոք չի պատկերացնում Հայաստան - ԵՄ հետագա համագործակցության օրակարգը․ - «Ես շատ ազնիվ կլինեմ և կասեմ, որ այս պահին ոչ ոք չի պատկերացնում և հասկանում, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը: Գիտենք, որ ինտենսիվ քննարկումներ են գնում Բրյուսելում, ինչպես նաև իմ կոլեգաները Լոնդոնում և եվրոպական այլ քաղաքներում քննարկումներ են ծավալում այս հարցի շուրջ, և, ինչպես հասկանում եմ, հայկական կառավարման շրջանակում ևս քննարկումներ կան, թե ինչպես առաջ տանել մեր հարաբերությունները»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ - «Կա երկրների մի խումբ, որը ստեղծում է նոութբուքեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ, դրանց հետ կապված ծրագրեր, մրցունակ ավտոմեքենաներ, մի խոսքով` առաջադեմ տեխնոլոգիաներ: Կա մի երկիր, որն առայժմ ունի նավթ և գազ, ինչպես նաև ստեղծում է տանկեր, «Սմերչեր», «Տոպոլներ» և այլն: Առաջին դեպքում բարձր է գնահատվում ստեղծագործական ազատությունը, երկրորդ դեպքում՝ երկրի ղեկավարը, որն իսկապես հայրենասեր մարդ է, փորձում է տեխնոլոգիաների բացակայությունը փոխարինել ազգային գաղափարով՝ վերագրելով իր երկրին ինչ-որ հատուկ առաքելություն: Մենք գերադասում ենք երկրորդ տարբերակը, որովհետև «պարզվեց», որ տանկերը մեզ ավելի շատ են պետք: Դա, իհարկե, տհաճ իրողություն է, բայց պետք չէ հուսահատվել, հայտարարել, որ դա աշխարհի վերջն է, որ մենք պետք է հրաժեշտ տանք անկախությանը: Կյանքը շարունակվում է»:

«Հրապարակ» թերթը խարդախության մեղադրանքով կալանավորված, վերջին շրջանում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների սոցիալական հարցերով բողոքի ցույցերի կազմակերպիչ Վոլոդյա Ավետիսյանին վերաբերող մի քանի հարց է ուղղել ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին: Լրագրողի հարցին՝ «Լավ ճանաչում եք պարոն Ավետիսյանին, ի՞նչ եք կարծում՝ նա խարդախությամբ կզբաղվե՞ր», Աղաբաբյանը պատասխանել է․ - «Ես չեմ հավատում իրենից նման քայլ, չգիտեմ՝ եթե ինքն ընդունում է, որ նման քայլ է արել, դա ուրիշ հարց է, բայց ես չեմ կարծում: Ես չեմ հավատում, որ իրա կատեգորիայի մարդը կարա ըտենց բան անի, բայց եթե արել ա, ապա ոչ միայն վերցնողն է մեղավոր, այլև տվողը: Վոլոդյան նման մարդ չի, որ քաղաքականացնի պահանջները, նա ոչ մի կուսակցության չի դիմել, ի վերջո, մարդն իր պահանջներն ունի, ամեն մարդ պետք է պայքարի, ինչն էլ նա անում է իր և իր ընկերների համար, բայց պայքարը նա չի կարող տանել իշխանության դեմ, իշխանափոխության, տեղափոխություններ անելու համար, նա, իմ կարծիքով, երկրի անվտանգության ջատագովներից է»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․ - «Եվ այսպես, Հայաստանի քաղաքացիները կարող են շնորհավորել միմյանց․ երկրի արտաքին պարտքը հասավ 5 մլրդ դոլարի: Բանն այն է, որ Կառավարությունը 700 մլն դոլարի պարտատոմսեր է թողարկել: Պարզ ասած՝ ով ուզում է Հայաստանին պարտքով փող տալ, գնում է այդ պարտատոմսերը: Կառավարությունն էլ, ենթադրաբար, մտադիր է դրանով փակել 500 մլն դոլարանոց ռուսական պարտքը, որը վերցրել էր՝ իբր տնտեսությունը ոտքի կանգնեցնելու և փոքր ու միջին բիզնեսին աջակցելու նպատակով: Աջակցությունն այնքան բուռն էր, որ հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ պարզապես փակվեցին: Փաստորեն, Տիգրան Սարգսյանը (բնականաբար՝ Սերժ Սարգսյանի համաձայնությամբ) հինգ տարվա ընթացքում երկուևկես անգամ ավելի շատ պարտք է վերցրել, քան դրան նախորդած 17 տարիների ընթացքում: Սա այն գումարն է, որը պիտի վճարեն մեր սերունդները, որովհետև այդ 5 մլրդի բեռն է, որ թույլ չի տալու բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, ստիպելու է բարձրացնել եղած հարկերը ու նորերը հորինել և այլն: Բայց Տիգրան Սարգսյանը որևէ մեկի կարծիքը չի հարցնում նոր պարտք վերցնելուց առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG