Մատչելիության հղումներ

«Մեծ պարտություն, բայց նաև փոքրիկ հաղթանակ»


Չեխիա - Ջոան Բաեզի ելույթը «Ֆորում-2000» ժողովում, Պրահա, 15-ը սեպտեմբերի, 2013թ.

Չեխիա - Ջոան Բաեզի ելույթը «Ֆորում-2000» ժողովում, Պրահա, 15-ը սեպտեմբերի, 2013թ.

Ամերիկյան ֆոլք երաժշտության առասպելական աստղ, իրավապաշտպան և հասարակական ակտիվիստ Ջոան Բաեզը մասնակցել է Պրահայում ամեն տարի գումարվող «Ֆորում-2000» համաժողովին, որին ներկա են եղել նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օնգ Սան Սու Չին, Դալայ Լաման, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկը և անվանի այլ գործիչներ։

«Ֆորում-2000»-ի նպատակն է արժևորել Չեխիայի հանգուցյալ նախագահ Վացլավ Հավելի ժառանգությունը, սատարել ժողովրդավարությանը և պաշտպանել մարդու իրավունքները ամբողջ աշխարհում։

Բաեզն այս համաժողովի ընթացքում պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին․

- Շաբաթներ առաջ աշխարհը նշեց ռասայական խտրականության դեմ պայքարի հերոս Մարթին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» ելույթի 50-ամյակը։ Դուք՝ այն ժամանակ ջահել աղջիկ, 1963 թվականի օգոստոսի 28-ին Քինգի կողքին էիք և հայտնի մյուս կատարողների հետ այդ օրը բեմից երգել եք։ Ի՞նչ հանգրվանի է հասել իրավապաշտպան շարժումը, կա՞ն հաջողություններ, թե՞ դեռ երկար ճանապարհ պետք է անցնել մարդկանց հավասարության և իրավունքների ապահովման համար։

- Կարծում եմ, և՛ մեկը, և՛ մյուսը։ Յուրաքանչյուրս պետք է դեռ երկար ճանապարհ անցնի այս աշխարհում, որն այսօր, կարծես, դժոխք է գլորվում։ Հիմա դժվար է պատկերացնել, որ այն տարիներին սևամորթը չէր կարող մտնել սպիտակամորթի զուգարան, կամ, ասենք, անցնել ռեստորանի կենտրոնական մուտքից ներս։ Հատկապես հարավային նահանգներում էր այդպես։

Այս նվաճումը մի քիչ մոռացվում է։ Որևէ նվաճում կարճ ճանապարհով չի տրվում, իմ կարգախոսն է «փոքրիկ հաղթանակներ, մեծ պարտություններ»։ Եթե ընդունում ես մեծ պարտության իրողությունը, ապա ամեն նվաճում փոքրիկ հաղթանակ է դառնում։

Շատ բան փոխվել է։ Հիմա մենք ունենք սևամորթ նախագահ։ Բայց, մյուս կողմից, կան գետտոներ, որտեղ երեխաները չեն կարող հանգիստ գնալ դպրոց, քանի որ փողոցներում կրակում են։ Այո, ռասիզմը կա և մեծ խնդիր է, սակայն միակը չէ։

Հիմա չկա 60-ականների միասնությունը, բայց կան ահագին գործ անող ջահելներ։ Միասնության զգացումը... ես այն ապրել եմ 60-ականներին, 70-ականների սկզբին, այն եղել է նաև Բարաք Օբամայի շուրջը։

Երանի Օբաման ազատեր պաշտոնը և առաջնորդեր որևէ շարժում։ Այ դա կլիներ իսկական իշխանությունը, որտեղ նա զիջումների չէր գնա ամեն հարցում, իր խղճի դեմ չէր գնա, ինչպես հիմա է ստիպված անում իր Օվալաձև աշխատասենյակում։

- 60-ականներից հետո շատ բան է փոխվել, հիմա հաճախ ասում են, թե այն տարիների հիփիները դարձան յափիներ՝ կարիերա ստեղծող, ապահով խավ։ Ինչո՞ւ է այդպես ստացվել։

- Իմ տեսակետից, այն ժամանակ Ամերիկան բաժանված էր երկու հատվածի՝ կամ դու դեմ ես Վիետնամի պատերազմին, կամ՝ կողմ։ Մենք դեմ էինք, արթնանում էինք՝ իմանալով, որ գնալու ենք դուրս և որոնելու ենք պատերազմն ավարտելու ճանապարհներ։

Երբ պատերազմն ավարտվեց, շատերն այլևս չգիտեին իրենց անելիքը, որովհետև չկար քաղաքական կամ սոցիալական հենարան՝ մնալու և գտնելու նոր խնդիր։ Իմ դեպքում այդպես չէր։

Հիմա 60-ականների մթնոլորտը վերականգնելու փորձերն ապարդյուն են։ Հիմա պետք են, օրինակ, «Ֆորում-2000»-ի նման միջոցառումներ։ Այստեղ առնվազն մտածում ես ապագայի մասին, այլ ոչ թե անվերջ ափսոսում, որ ներկա չէիր Վուդսթոքի համերգին։

- Կատարողը, արվեստագետն ունի՞ սոցիալական և քաղաքական հարցեր արծարծելու պատասխանատվություն։

- Ես կարող եմ իմ անունից ասել։ Երբ զգում ես կապդ մարդկանց հետ, բանտարկյալի կամ պատերազմի մասնակցի հետ, այո, ունես այդ պատասխանատվությունը։ Ես կարող էի խոսել այնտեղ, որտեղ ուրիշներին լռեցրել են։ Դա է իմ հարստությունը։ Առաջին շնորհը, որ ստացել եմ՝ ձայնս է, ձայնիս միջոցով ասել եմ այն, ինչ ուզում եմ։ Երկրորդ շնորհս՝ ասելու ցանկությունս է։ Երբեմն ինձ ասում են, թե ես շատ բան եմ զոհաբերել։ Դա բնավ այդպես չէ։ Ոչ մի զոհաբերություն էլ չի եղել։ Այ եթե ես չանեի այն, ինչ անում եմ՝ դա կլիներ զոհաբերություն։

- Դուք մեծ հարգանք և ժողովրդականություն եք վայելել Խորհրդային Միությունում։ Մի առիթով Վացլավ Հավելն ասել է, որ երաժշտությունն ու ժողովրդական շարժումներն են տապալել Երկաթե վարագույրն ու Խորհրդային Միությունը։ Տեղյա՞կ էիք Ձեր ազդեցության մասին, գիտեի՞ք, որ ռոքի ձայնասկավառակները սոցիալիստական աշխարհ գաղտնի ճանապարհներով են հասցրել։

- Այո, տեղյակ էի։ Գուցե ծավալը չեմ պատկերացրել, բայց գիտեի, որ այնտեղ կա ընդհատակյա շարժում, կան հալածանքեր։ Եվ երբ սկսեցի համագործակցել «Ամնեսթի ինթերնեյշնլ»-ի հետ, ավելի շատ տեղեկություններ ստացա աշխարհի այդ հատվածի մասին։

Ինձ համար միանգամայն բնական էր այն ժամանակ սատարել Խորհրդային Միության քաղբանտարկյալներին, իսկ հիմա՝ Ռուսաստանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG