Մատչելիության հղումներ

Մաքսային միության մասին հարցմանը առայժմ պատասխանել է 7 պատգամավոր


Մաքսային միություն գնալու իշխանությունների հայտարարությունից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Ազգային ժողովի պատգամավորներից փորձել է պարզել նրանց տեսակետը այս հարցի շուրջ:

Հիշեցնենք՝ հնարավոր անդամակցության մասին փաստաթուղթը վավերացնելու է Ազգային ժողովը:

Բոլոր պատգամավորներին սեպտեմբերի սկզբին ուղարկված կոնկրետ հարցադրմանը՝ կողմ են Մաքսային միությանն անդամակցելուն, թե դեմ, այս պահի դրությամբ միայն յոթն են պատասխանել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հստակ դեմ է արտահայտվել երեք պատգամավոր՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Ազատ դեմոկրատների ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը և «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը: Եվս երեք պատգամավոր էլ կողմ է արտահայտվել անդամակցությանը՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ Հանրապետական խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը և նույն ուժի համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանը:

Միակ խորհրդարանականը, ըստ Սաքունցի, ով գրել է, թե մինչև անդամակցության փաստաթուղթը չտեսնի կարծիք չի կարող հայտնել, «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանն է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զոհրաբյանը իշխող Հանրապետականներից չտեսած փաստաթուղթը գովերգելը անլուրջ քայլ որակեց:

«Բարգավաճ Հայաստանը» թույլ տվեք ձեռնպահ մնա: Մինչև սեպտեմբերի 3-ը մեր կոալիցիոն հարգարժան գործընկերները նույն ջանասիրությամբ պաշտպանում էին Հայաստան – Եվրամիություն ասոցացման պայմանագիրը: Սեպտեմբերի 3-ից հետո հանկարծ պարզվեց, որ նրանցից որոշները ծանոթ են այդ պայմանագրին և դրանում մի դրույթ կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանին մաքսակետ դնելու վերաբերյալ, որը հակասում է մեր պետական շահերին: Ստացվում է, որ իրենք անուղղակիորեն մեղադրանք են ներկայացնում իրենց իսկ քաղաքական թիմին, որը չորս տարի բանակցել է, ավելին՝ ավարտել է մի փաթեթի շուրջ բանակցությունները, որտեղ մեզ համար ոչ շահեկան ձևակերպումներ են եղել: Սա լուրջ չէ, հարգելի գործընկերներ, ուղղակի լուրջ չէ», - ասաց Զոհրաբյանը:

Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը կողմ է Մաքսային միությանը, քանի որ զգում է՝ լավ է լինելու:

«Ես կողմ եմ, և ոչ թե ես կողմ եմ փաստաթուղթը չտեսնելով, ես՝ փորձով համոզված, բոլոր համագործակցությունները Ռուսաստանի հետ նախորդ տարիների, դա կլինի ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական, ես չգիտեմ՝ սահմանների պաշտպանություն, առևտրաշրջանառություն, էներգետիկ անկախություն, տրանսպորտ․․․ այդ բոլորը ինձ հիմք է տալիս, որ ես կողմ լինեմ այդ միությանը մեր անդամակցմանը», - նշեց նա:

Ցանկացած փաստաթուղթ, որը չի բխի մեր երկրի շահերից, Ազգային ժողովը կարող է չվավերացնել: Ավետիսյանը հավաստիացրեց, թե դա նաև հանրապետության նախագահ, իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի տեսակետն է:

Ազգային ժողովի Հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը նաև իր գործով է ապացուցել, թե երկրի շահերը չի դավաճանի:

«Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում մենք անմրցունակ ենք Եվրոպայի հետ, և այսօր բացել դռները և մտնել այս պայմաններով ինչ-որ Եվրոպան մեզ ասում է՝ իրենց հետ նույն դաշտում գործելու, մենք կարող է տուժենք դրանից: Ասենք, օրինակ, որ վառելիքաէներգետիկ կոմպլեքսի ապրանքատեսակների հետ կապված հենց մենակ մաքսատուրքերի դուրս գալը էական իրավիճակ է փոխելու մեր տնտեսվարման դաշտում: Հո դրա մեջ կասկած չկա՞», - ասաց ԱԺ փոխնախագահը:

Հերմինե Նաղդալյանը նկատեց՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ մինչև այժմ լուրջ փաստարկված քննադատություն չի լսել: Նրան չեն համոզել քննադատների այն դիտարկումները, թե Սերժ Սարգսյանը Ռուսաստանի ճնշումների պատճառով է կայացրել Մաքսային միություն գնալու որոշումը, կողմ է արտահայտվել մի առաջարկի, որը հստակեցված էլ չէ:

«Ես չեմ տեսնում այդտեղ արգումենտացիա», - ասում է Նաղդալյանը:

Ռուսաստանին մերժել հնարավո՞ր է՝ մեր այս հարցադրմանն ի պատասխան ԱԺ փոխնախագահը հիշատակեց անվտանգության խնդիրը․ - «Խնդիրը ոչ թե տաբուն է, այլ խնդիրն այն է, որ մեր անվտանգության համակարգը Ռուսաստանի հետ է կապակցված: Խնդիրը ոչ թե նրանում է՝ մենք ում կմերժենք: Ի՞նչ է, Եվրոպայի միությանը մերժելը հե՞շտ է: Այդքան էլ հեշտ չէ, չէ՞: Մենք պիտի հասկանանք՝ ռեալ որոնք են մեր շահերը, որոնք են մեր խնդիրները: Այդպես էլ չէ, որ իդեալական տարբերակ գոյություն ունի, որի պայմաններում դու ոչինչ չես կորցնում ու միայն շահում ես: Бесплатный сыр бывает только в мышеловке, չէ՞»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG