Մատչելիության հղումներ

Ավետիսյանի կինը վստահ է, որ ամուսնուն ձերբակալելու պատճառը բողոքի ակցիաներն են


Դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տիկնոջ՝ Մարգարիտա Բաղրամյանի, փոխանցմամբ, իր ամուսինը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

«Ասել է՝ ես էդ մարդը չեմ, ես կաշառակեր չեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ամուսնու՝ հեռախոսով իրեն ասածը փոխանցեց Մարգարիտան:

Այս տարվա մայիսին, հիշեցնենք, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ու նրա համախոհները՝ բազմաթիվ այլ ազատամարտիկներ, Երևանի Ազատության հրապարակում նախաձեռնեցին բողոքի ակցիաներ, որոնք այսօր էլ շարունակվում են՝ պահանջելով իշխանություններից բարելավել ազատամարտիկների, պահեստազորի զինվորականների սոցիալական պայմանները, որոնք Ղարաբաղյան պատերազմին մասնակցելուց հետո, այսօր, պետության հատկացրած նպաստների միջոցով միայն կարողանում են մի կերպ պահպանել իրենց ու իրենց ընտանիքների գոյությունը՝ հայտնվելով աղքատության մեջ:

Եվ ահա, ամիսներ տևած բողոքի ակցիաներից և խնդրի վերաբերյալ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո, Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի նախօրեին՝ սեպտեմբերի 20-ին, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով որպես Լեոնիդ Ազգալդյանի տեղակալ Ղարաբաղյան պատերազմի սկզբից մասնակցել է ռազմական գործողություններին՝ արժանանալով բազմաթիվ մեդալների, ձերբակալվում է, իսկ երկու օր անց կալանավորվում՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը գնդապետին մեղադրում է «խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով» հիշյալ քաղաքացուց 2 հազար դոլար հափշտակելու մեջ: Այս մեղադրանքը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում 2-ից 6 տարով:

«Ինքը ո՛չ կաշառակեր է եղել, ո՛չ էլ էն: Ինքը հասնող է եղել․ բոլորին օգնել է, ով մոտեցել է, ամեն հարցում օգնել է», - պնդեց Ավետիսյանի կինը:

Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նաև, թե չի կասկածում, որ ամուսնու ձերբակալությունը կապված է բողոքի ակցիաների հետ, և հավելեց․ - «Բայց ինքը պայքարի մեջ է: Իր ընկերները, դուք տեսնում եք, պայքարում են»:

«Կաշառակեր մարդու տունն այսպե՞ս կլինի», - վերանորոգման կարոտ պատերն ու համեստ կահ-կարասին մատնացույց անելով՝ հուզված փոխանցեց տիկին Մարգարիտան, ով այժմ ստիպված է միայնակ խնամել իր վեց երեխաներին և ամուսնու թոշակառու մորը:

«Իր [Վոլոդյա Ավետիսյանի] թոշակով ենք մենք յոլա գնացել: Իր թոշակը շատ քիչ է, չի բավարարում ընտանիքը պահելու համար», - հավելեց նա՝ հույս հայտնելով, որ ամուսնում ազատ կարձակեն:
XS
SM
MD
LG