Մատչելիության հղումներ

Տրանսպորտի հանձնաժողովի կազմը դեռ հայտնի չէ


Ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիա Երևանում, արխիվ

Ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիա Երևանում, արխիվ

Երևանի քաղաքապետին կից տրանսպորտի հանձնաժողովի ստեղծմանը մեկ շաբաթից էլ քիչ է մնացել, մինչդեռ այս պահին էլ չի հրապարակվում թե կոնկրետ երբ է այն սկսելու գործել, ովքեր են մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, ինչ հարցեր են քննարկվելու և ինչ գործառույթներ է ունենալու այն։

Հուլիսի 25-ին կառավարության նիստի ժամանակ ուղեվարձի բարձրացման խնդրին անդրադառնալով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել էր նման որոշումներ կայացնելիս անհրաժեշտ քննարկումներ կազմակերպել և հաշվի առնել հանրության կարծիքը։

Դրանից հետո ուղերձով հանդես եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով հայտարարեց, որ ուղեվարձի բարձրացման որոշումը ժամանակավորապես կասեցնում է, և հավելեց, որ հանձնարարել է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանձնաժողով ստեղծել և քննարկել հարցը։

Անցել է երկու ամիս, մինչդեռ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերները ուղարկվել են մի քանի օր առաջ։ Հրավեր է ստացել նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ով դեմ է արտահայտվում ուղեվարձի բարձրացմանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պողոսյանը ասաց, որ թեև հանձնաժողովը իր աշխատանքները չի սկսել, բայց կազմակերպման ձևը իրենց հուշում է, որ դրանից լուրջ արդյունք սպասել չի կարելի։

Պողոսյանի կարծիքով՝ ցանկության դեպքում այսպիսի քննարկումներ կարելի էր կազմակերպել ընդամենը մեկ շաբաթում, իսկ թե ինչու է քաղաքապետարանը դանդաղեցնում գործընթացը և չի հրապարակում հանձնաժողովի կազմը, նա դժվարացավ ասել։

Հանձնաժողովը բոյկոտելու մասին արդեն հայտարարել են Երևանի ավագանու «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, հիմնական պատճառը այն է, որ մինչև հիմա պարզ չեն դրա գործառույթները և լիազորությունները, չմասնակցելու պատճառ է նաև այն, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշման մեջ նշվում էր այս հարցով հանրային քննարկումներ կազմակերպելու մասին, մինչդեռ արդյունքում հանձնաժողով է ստեղծվում։

Մասնակցության հրավեր է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը, որը նույնպես դեմ է արտահայտվում բարձրացմանը։ Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ թեև իրենք համաձայնվել են մասնակցել աշխատանքներին, բայց վստահ են, որ հանրային քննարկումները փոխարինվել են հանձնաժողովով, քանի որ այս ձևով միայն քաղաքապետարանը կկարողանա ապահովվել թանկացման համար անհրաժեշտ հանձնաժողովի դրական արձագանքը։

«Հանձնաժողովի կազմը ընտրում է քաղաքապետարանը, հանրային լսումին կարող է մասնակցել կամայական շահագրգիռ անձ, այսինքն, ենթադրենք, հանձնաժողովի կազմում հավաքվում ենք 60 հոգով, որից երեք հոգին են իրականում եկել հարցը ոչ հօգուտ քաղաքապետարանի կամ տեղափոխողոխների բարձրացնել»,- ասաց Պիպոյանը։

Թեև ավագանու երկու խմբակցությունների կողմից հանձնաժողովը բոյկոտելը կթուլացնի ուղեվարձի բարձրացման դեմ հանդես եկող կողմի դիրքերը, բայց նրանք վճռական են տրամադրված։ Պիպոյանը ասաց, որ քաղաքապետարան են գնալու պահանջով՝ կամ չեղյալ համարել քաղաքապետի բարձրացման որոշումը, որը ժամանակավորապես կասեցվել էր, և կազմել նոր որոշում, կամ էլ եղած որոշումը ներկայացնել հանրային քննարկման, այլ դեպքում իրենք պարզապես կլքեն հանձնաժողովը։

Պիպոյանի հաշվարկներով՝ տրանսպորտի ուղեվարձը այս պահին կազմում է 92 դրամ, և նա այս հաշվարկները կներկայացնի միայն հանրային քննարկման դեպքում, որտեղ պատրաստ է նաև ապացուցել, որ ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացրած 202 դրամը իրականության հետ կապ չունի։

Ի դեպ, ուղեվարձի բարձրացմանը դեմ արտահայտվող կողմի տեղեկություններով հանձնաժողովում իրենց ընդդիմախոսները լինելու են Երևանի քաղաքապետարանի և ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները։ Ավագանու խմբակցություններից հանձնաժողովում կլինեն միայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։

Որպես հանձնաժողովի ստեղծման վերջնաժամկետ այս պահին նշվում է սեպտեմբերի 30-ը, հավանաբար այն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին։
XS
SM
MD
LG