Մատչելիության հղումներ

Խաբված բնակիչները կդիմեն Եվրադատարան


Քաղաքացիների՝ իրենց բնակարանը արգելանքից հանելու վաղեմի պահանջը ԴԱՀԿ ծառայությունն այսօր բավարարեց մի քանի րոպեում:

Մինչդեռ քաղաքացիների խոսքով, իրենք ամիսներ են անցկացրել Արդարադատության նախարարությունում, որպեսզի այդ արգելանքը հանվի․ և այսօրվա չկայացած նստացույցի պահանջներից մեկը հենց այդ էր:

«Այսօր մի հատ արգելանք կա, որը պետք է հանեն: Մեզնից ուզում են մե՛կ հինգ տոկոս, մե՛կ մի տոկոս, այսինքն՝ գումար են ուզում մեզնից: Սակայն մենք տուժողներն ենք, հանցագործից պիտի 5 տոկոս վերցնեն, միայն այն դեպքում, երբ ինչ-որ գործողություն կատարեն: Հարկադիրը [ԴԱՀԿ ծառայությունը] ոչ մի գործողություն չի արել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բնակիչներից Նաիրան:

Պահանջատիրոջից, տվյալ դեպքում՝ բնակիչներից, Հարկադիր կատարման ծառայության հաշվին կարող է գանձվել արգելանքի տակ գտնվող գույքի արժեքի մեկ տոկոսը, այն էլ՝ դատարանի որոշմամբ: Բնակիչները նշում էին, որ արգելանքը հանելու համար իրենցից մեկ տոկոսից ավելի գումար էին պահանջում և՝ առանց դատարանի որոշման: Նրանց փաստաբան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դա օրենքի կոպիտ խախտում է:

Բնակարանը, որը քաղաքացիները պահանջում էին հանել արգելանքից, 2007-ին կեղծ փաստաթղթերով վաճառվել է հենց այս 4 քաղաքացիներին՝ մեկ օրվա ընթացքում տարբեր նոտարական գրասենյակների վավերացմամբ: 4 մարդկանց նույն բնակարանը վաճառած անձը 2011-ին դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Բնակարանը գնած բոլոր խաբված քաղաքացիների խոսքով, դատապարտվածը պարզապես կատարող անձ է եղել: Երբ դատարանը պարտավորեցրել է նրան վճարել 4 քաղաքացիներից ստացած գումարը, վերջինս ասել է․ - «Ես այդ գումարը չունեմ, ինձ հետ եղել են ավազակներ, որոնք ինձ ստիպել են և ես գնացել եմ այդ քայլին»:

Խաբված մարդկանց զայրացրել էր նաև այն, որ գործարքը կատարած նոտարներից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

«Անզեն աչքով երևացել է, որ փաստաթղթերը կեղծ են, բայց մեր նոտարները չեն տեսել դա, որովհետև անուշադիր, անփույթ են աշխատում: Դիմել ենք նախարարին և մյուս օղակներին, բոլորն էլ ասել են, որ նոտարները մեղավոր են, բայց ոչինչ անել չեն կարող, քանի որ օրենքով նոտարը միայն գույքային պատասխանատվության կարող է ենթարկվել՝ եթե նրա գործողություններում դիտավորություն կա: Իսկ այն, որ նա անփույթ է աշխատել, դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրում», - ասաց Նաիրան:

Նշենք, որ այժմ բնակարանի սեփականատեր են ճանաչվել այս 4 քաղաքացիները և նրանք համաձայնության են եկել միմյանց հետ՝ բնակարանը վաճառելու եւ գումարը կիսել: Հենց այդ պատճառով էլ պահանջում էին որպեզի արգելանքը հանվի: 2007-ին նրանցից յուրաքանչյուրը վճարել է 35 հազար ԱՄՆ դոլար, այսօր բնակարանն արժե 25000 դոլար, որը կբաժանեն 4 մասի:

«Մենք դիմելու ենք Եվրադատարան, հիմա վարչական ենք դիմել, դրանից հետո Եվրադատարան ենք դիմելու: Մեր երկրում չեն կարողանում իրենց քաղաքացիների կորցրած գումարը հետ բերել, պիտի դիմենք Եվրադատարան, մեր հարցերը լուծելու համար», - ասաց խաբված քաղաքացիներից Նարինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG