Մատչելիության հղումներ

Լեհ վավերագրողները ֆիլմ են նկարահանում Երևանի մասին


Լեհ կինոռեժիսոր Յացեկ Բլավուտը Երևանում

Լեհ կինոռեժիսոր Յացեկ Բլավուտը Երևանում

Լեհական կինոյի լավագույն մասնագետներն այժմ համագործակցում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ֆիլմերի շարք, որը կարտացոլի ժամանակակից իրական աշխարհը․ տվյալ դեպքում ուսանողները և լեհերը կաշխատեն Երևան մայրաքաղաքի հետ:

«Լեհաստանի Լոձի քաղաքի կինոդպրոցի դասախոսներ, ռեժիսորներ Մաչեյ Դրիգասն ու Միրոսլավ Դեմբինսկին որոշեցին իրականացնել այս նախագիծը մի քանի տարի առաջ. յուրաքանչյուր տարի Լեհաստանի Լոձի քաղաքի կինոդպրոցի ուսանողները իրենց քաղաքի մասին վավերագրական ֆիլմ էին պատրաստում: Դա շարունակվեց 5 տարի: Այնուհետև հեղինակները որոշեցին ընդլայնել նախագիծը՝ ծրագրում ներառելով աշխարհի բոլոր երկրների մայրաքաղաքները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց լեհ Անջեյ Վայդայի կինոդպրոցի պրոֆեսոր Վիտա Ժալակյավիչուտեն:

Նրա խոսքով՝ Լեհաստանում կա երեք խոշոր կինոդպրոց, որոնցից յուրաքանչյուրն ամեն տարի խումբ է ձևավորում ու մեկնում որևէ երկիր՝ ծրագիրն իրականացնելու նպատակով: Այս տարի խմբերն աշխատում են Քիշինևի, Երևանի, Թբիլիսիի և Բիգդոշի հետ: Անցած տարի, օրինակ, ֆիլմեր են նկարահանվել Մինսկի, Մոսկվայի, Պեկինի և Տոկիոյի մասին:

«Կնկարահանվի ոչ թե Երևանի գովազդային հոլովակը, այլ կստեղծվի Երևանի հոգևոր դիմանկարը՝ պատկերված ապագա երիտասարդ կինեմատոգրաֆիստների աչքերով: Հայ ուսանողները ներկայացնում են իրենց մտահղացումները, իսկ մենք փորձում ենք իրենց սովորեցնել, որ ամեն ինչի կենտրոնում մարդն է»,-ասաց կինոդպրոցի պրոֆեսորը:

Այս ծրագրի իրականացման հիմքում ընկած են աշխարհի տարբեր քաղաքների կինոդպրոցներում անցկացվող սեմինարները:

Այն ուսանողները, ովքեր մասնակցում են այս նախագծին, մեկ ամսվա ընթացքում աշխատում են իրենց քաղաքում վավերագրական ֆիլմերի պատրաստման վրա, ինչի արդյունքում ստեղծվում են մեկ ժամանոց վավերագրական ֆիլմեր իրենց հարազատ քաղաքի մասին: Ֆիլմը պատրաստելիս յուրաքանչյուր ուսանող պետք է 3-5 րոպեի սահմաններում ստեղծի քաղաքը խորհրդանշող որևէ տեսարան, այնուհետև բոլոր աշխատանքները կմիաձուլվեն ու կդառնան մեկ ամբողջական, մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ, այսինքն, խմբակային աշխատանքը վերածվում է քաղաքի դիմանկարի՝ «արևածագից մինչև մայրամուտ»:

«Լեհաստանում վավերագրական ֆիլմ նկարահանելու մեծ ավանդույթ կա: Լեհական վավերագրական ֆիլմերն ունեն իրենց առանձնահատկությունները: Ի տարբերություն մեր երկրի՝ այլ երկրներում վավերագրական ֆիլմերն ավելի շատ նման են լրագրողական ռեպորտաժների»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Անջեյ Վայդայի կինոդպրոցի պրոֆեսոր, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր Յացեկ Բլավուտը:
XS
SM
MD
LG