Մատչելիության հղումներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր բացվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:

Ժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ժողովին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից Մայր Աթոռ Ս․ Էջմիածին են եկել մեր եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդներն ու պատվիրակները՝ թվով 62 բարձրաստիճան հոգևորական՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի գլխավորությամբ քննարկելու մի շարք օրախնդիր հարցեր:

Հարկ է նշել, որ Եպիսկոպոսաց նման համահավաք ժողով, ըստ մեր հոգևոր հայրերի, տեղի է ունեցել 600 տարի առաջ:

«Հոգու բերկրությամբ ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նշանավոր օր է այսօր բոլորիս համար: Առաջին անգամ Եպիսկոպոսաց ժողով է գումարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ», - բացելով ժողովը՝ ասաց Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը:

Ժողովի մասնակիցներին ողջույնի խոսք ուղղեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ վերհիշելով այն կարևորագույն առաքելությունը, որ դարեր շարունակ կատարել է մեր եկեղեցին մեր ժողովրդի և մեր հայրենիքի համար․ - «Հիրավի դարակազմիկ իրադարձության ականատեսն ենք դառնում: Հանգամանքների բերումով դարեր շարունակ, մասնավորապես վերջին վեց հարյուրամյակների ընթացքում, հնարավոր չի եղել գումարել Հայոց Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողով: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այժմ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու այդ հիմնախնդիրը»:

Սերժ Սարգսյանը նաև վստահություն հայտնեց, որ ժողովը «կազդարարի նոր առաջընթաց հայոց հոգևոր կյանքում և թույլ կտա համայն հայությանը նոր եռանդով ու լիցքով լծվել ազգային իղձերի իրականացմանը»:

Մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ շարունակվելիք Եպիսկոպոսաց Ժողովի ծրագիր֊օրակարգում նշված է, մասնավորապես, երկու հարց․ Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը և Սուրբ մկրտության ծիսական կանոնական արարողակարգին առնչվող խորհրդի փաթեթը:

«Եպիսկոպոսը Աստծո տնտեսն է, ասում է սուրբ Պողոս առաքյալը, և «խնամ տանի Եկեղեցւոյ, որ է քաղաք Աստուծոյ», հավելում է սուրբ Գրիգոր Տաթևացի մեծ վարդապետը: Այս պատասխանատվությամբ Եպիսկոպոսաց սույն ժողովը պիտի քննարկի և որոշումներ կայացնի Մկրտության ծեսի և սրբադասման կանոնի և այս համատեքստում` Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրակարգային հիմնական հարցերի վերաբերյալ: Մկրտության ծեսի միօրինակության ապահովման և Սրբադասման կանոնի հաստատման ուղղությամբ հետևողական աշխատանք են իրականացրել Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերը», - շեշտեց Գարեգին Երկրորդը:

Մեծ Եղեռնի զոհերի սրբադասմանն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանի նախագահը․ - «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր «ոչ»-ը հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի և ամբողջ մարդկության հանդեպ, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանությունների կրկնությունը: Այս օրերին Սիրիայում շարունակվում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձավ սիրիահայ համայնքի ծանրագույն փորձությունը: Սիրիայում կատարվողը մեր ամենամեծ ցավն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծված իրավիճակի համար հնարավորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը մեր բարեկամ երկրում»:

Բացի օրակարգային նշված հարցերից, ժողովը կքննարկի նաև Հայ եկեղեցու այժմեական մարտահրավերները:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը իր խոսքում ներկայացրեց իր պատկերացումն ու տեսլականը եկեղեցական բարեփոխումների մասին․ - «Ի՞նչ կը հասկնանք «բարեկարգութիւն» ըսելով.– սոսկ անցեալի աւանդութեանց վերականգնո՞ւմը, մեր եկեղեցւոյ ծիսական կարգին վերադասաւորո՞ւմը կամ կրճատո՞ւմը, լոկ լեզուի փոփոխութիւնը, եւ կամ ծիսական նոր համակարգի մը հաստատումը` մեր կեանքին ներկայ դրուածքին պատշաճող: Մեր հայեցողութեամբ, բարեկարգութիւնը ըստ էութեան պէտք է ըմբռնել որպէս եկեղեցւոյ կեանքին ու մտածողութեան, վկայութեան ու առաքելութեան վերարժեւորումը, վերանորոգումը ու վերակենսաւորումը: Արդարեւ, եկեղեցին կը վերածուի թանգարանի, եթէ չվերանորոգուի»:
XS
SM
MD
LG