Մատչելիության հղումներ

Շարմազանովը կարծում է, որ Հայաստանը նաև անվտանգության խնդիր է լուծել


Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

«Ազատություն»․ - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները հաճախ են ընդգծում, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանը նաև անվտանգության խնդիր է լուծել, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը Հայաստանին անվտանգության նոր երաշխիքներ է տվել:

Շարմազանով․ - Միություն մտնելը բավականին շահեկան է մեզ համար, և ես կարծում եմ, որ նաև անվտանգության խնդիր է լուծվել:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս, կարո՞ղ եք բացատրել, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչ նոր երաշխիքներ է ստացել Հայաստանը Ռուսաստանից իր անվտանգության հետ կապված:

Շարմազանով․ - Ես կարող եմ ասել, որ Մաքսային միության անդամակցումը կօգնի մեր թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական երկխոսությանը, և ինչո՞ւ չէ՝ նաև կբարձրացնի մեր անվտանգության մակարդակը:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս, կարո՞ղ եք բացել փակագծերը:

Շարմազանով․ - Երբ գա ժամանակը, արդեն մանրամասն քննարկենք այդ նախաձեռնությունները, այն ժամանակ էլ կքննարկենք: Այն ժամանակ, երբ որ ամբողջական ինֆորմացիան կլինի, կքննարկենք:

«Ազատություն»․ - Երբ որ խոսվում է անվտանգության մասին, բնականաբար, բոլորն էլ հասկանում են, որ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հանրապետականները իրենց զրույցներում մինչև սեպտեմբերի 3-ը նշում էին, որ եթե Մաքսային միություն մտնելու հարց լինի, ապա նաև պետք է քննարկվի Ղարաբաղի խնդիրը: Արդյո՞ք այս հարցերը նաև հաշվի են առնվել այդ քաղաքական որոշումը կայացնելիս:

Շարմազանով․ - Այդ իմաստով ես մի բան կարող եմ ասել (փակագծերը շատ չբացեմ), որ այս միության մտնելու հայտարարությունը բխում է հայության, այդ թվում արցախահայության շահերից, և ես նաև դրական եմ գնահատում Արցախի վարչապետի հայտարարությունը, որ սա դրական էր Արցախի համար և սա պատմական որոշում էր:

«Ազատություն»․ - Պարոն Շարմազանով, նույն Ասոցացման համաձայնագիրը և Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը անվտանգության որևէ խնդիր չեն բարձրացնում, սրանք զուտ քաղաքական, տնտեսական համագործակցության շուրջ համաձայնագրեր էին և հետևաբար չէին հակասում այն համագործակցությանը, որն ունի այսօր Հայաստանը նույն ՀԱՊԿ-ի շրջանակում:

Շարմազանով․ - Այս հակասությունները մենք չենք փնտրել: Մենք մշտապես ասել ենք, որ մի պրոցեսը մեկ այլ պրոցեսի որպես հակասող պրոցեսներ չենք դիտարկում, և այն ծայրահեղական գնահատականները, որոնք հնչում էին Եվրոպայում մեր քաղաքական հայտարարության առաջին օրերից, մենք տեսանք, որ պարոն Ֆյուլեի այցից հետո այդ հայտարարությունների թե՛ տոնայնությունը, թե՛ բովանդակությունը փոխվեց և եվրոպացի մեր գործընկերները չեն փակում դռները Հայաստանի առջև և մենք պատրաստ ենք քննարկել մեր օրակարգային հիմնախնդիրները, որպեսզի Հայաստանը դառնա ավելի ժողովրդավարական, ավելի բաց, ավելի հրապարակային:

«Ազատություն»․ - Հնարավո՞ր է նոր փաստաթուղթ լինի նույն անվտանգության խնդիրների հետ կապված:

Շարմազանով․ - Ես հնարավորությունների մասին թույլ տվեք այսօր չմեկնաբանեմ, որովհետև քաղաքականությունն ինքը հնարավորինի արվեստ է․ շատ բան է հնարավոր:

«Ազատություն»․ - Պարզապես շարքային քաղաքացին ցանկանում է հասկանալ՝ արդյոք եթե Մաքսային միություն չմտներ Հայաստանը, ավելի պակաս անվտանգ էր լինելու:

Շարմազանով․ - Բայց ինչո՞ւ չմտներ Հայաստանը Մաքսային միություն, եթե մենք, Մաքսային միություն մտնելով, մեր տնտեսվարողի համար, մեր տնտեսության համար նոր, լավ, դրական պայմաններ են ստեղծվում: Եթե մենք 42 միլիարդ դրամի կոնյակ ենք վաճառել այս տարվա ընթացքում և 41 միլիարդը վաճառել ենք ԱՊՀ երկրներ և հիմնականում ռուսական շուկա, ինչո՞ւ չմտենք, եթե դրանք բերելու են ավելի էժան առևտրի, առանց մաքսերի առևտրի, եթե դրանք ավելի մեծ հնարավորություններ կընձեռեն: Ես ասացի, որ այս որոշումը շահեկան է նաև Լեռնային Ղարաբաղի համար:

«Ազատություն»․ - Մյուս հարցը, պարոն Շարմազանով․ երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է համագործակցության մի փաստաթուղթ Հայաստանի հետ, որը կար մինչև սեպտեմբերի 3-ի հայտարարությունը: Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկել են, անկախ Սերժ Սարգսյանի այդ որոշումից, շարունակել համագործակցությունը գոնե այս փաստաթղթի շրջանակներում, որը իրենից ենթադրում է մշակութային, կրթական, բնապահպանական տարբեր խնդիրների շուրջ համագործակցություն: Սա բավարարո՞ւմ է Հայաստանին:

Շարմազանով․ - Ես կարծում եմ, որ մենք պետք է իրականացնենք և՛ քաղաքական երկխոսություն եվրոպացի մեր գործընկերների հետ, և՛ տնտեսական: Եվ Հայաստանի իշխանությունները չեն խոչընդոտ հանդիսացել: Հայաստանի իշխանությունները բանակցությունների հենց առաջին ժամանակվանից ասել են, որ մենք եվրոպացի մեր գործընկերների հետ հարաբերությունների մակարդակի խորացումը չենք անելու ի հաշվի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների:

«Ազատություն»․ - Հայաստանի նախագահը գնալո՞ւ է վիլնյուսյան գագաթնաժողովին:

Շարմազանով․ - Երբ որ ժամանակը լինի, այն ժամանակ կիմանանք:

«Ազատություն»․ - Հանրապետականները չեն բացառում, որ ինչ-որ մի փաստաթուղթ կստորագրվի:

Շարմազանով․ - Ես չեմ կարող ասել Վիլնյուսում կստորագրվի, թե Վիլնյուսից հետո, անունը կդնենք Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում, թե մեկ այլ բան, բայց այն, որ ինչ-որ բան կլինի, և թե՛ եվրոպական կողմն է դրանում շահագրգռված, և՛ հայկական կողմերը, որպեսզի մենք մեր քաղաքական երկխոսությունը շարունակենք, կարծում եմ՝ սա փաստ է:

«Ազատություն»․ - Եվ վերջին հարցը՝ բրիտանացի օրենսդիրը, երբ իր ելույթում նշում էր, որ անկախ Սերժ Սարգսյանի այդ որոշումից պետք է գոնե այս կրթական, մշակութային ոլորտներում համագործակցությունը շարունակել, նաև նշեց, որ պետք է հանրաքվեի դրվի Մաքսային միությանը անդամակցելու՝ Հայաստանի որոշումը:

Շարմազանով․ - Բրիտանացի մեր հարգարժան գործընկերը կոռեկտ չէ մեկ այլ պետության որոշումների վերաբերյալ ինքը ասի այդ պետության մեջ հանրաքվե պետք է լինի, թե հանրաքվե չպետք է լինի:

«Ազատություն»․ - Կա՞ նման մտադրություն, պարոն Շարմազանով: Գուցե կա՞ նման մտադրություն, Եվրախորհրդարանում էլ տեղյա՞կ են այդ մասին:

Շարմազանով․ - Այս պահին մեր օրակարգում նման հարց չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG