Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի ԿԸՀ-ն գրանցեց նախագահի 23 թեկնածուի


Վրաստան - Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և նախագահական ընտրություններում «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի առաջադրած թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլինի «Վրացական երազանք»-ի աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Թբիլիսի, 19-ը սեպտեմբերի, 2013թ․

Վրաստան - Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և նախագահական ընտրություններում «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի առաջադրած թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլինի «Վրացական երազանք»-ի աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Թբիլիսի, 19-ը սեպտեմբերի, 2013թ․

Սա թեկնածուների աննախադեպ մեծ թիվ է Վրաստանի նախագահական ընտրությունների պատմության ընթացքում:

Երկուշաբթի երեկոյան հայտնի է դարձել, թե քանի թեկնածու է սկսում հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների մրցապայքարը:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված վերջնաժամկետից մի քանի օր առաջ ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումը` 54 դիմողներից միայն 23-ին հնարավորություն տալով պայքարել երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար:

Ի դեպ, սա թեկնածուների աննախադեպ մեծ թիվ է Վրաստանի նախագահական ընտրությունների պատմության ընթացքում:

Գրանցված թեկնածուներից 10-ին առաջադրել են քաղաքական միավորումները, իսկ 13-ին՝ նախաձեռնող խմբերը:

Տարբեր պատճառներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է 31 դիմումներ:

Վրաստանի ընտրական օրենսգրքով` իրենց փաստաթղթերը ներկայացրած թեկնածուներին գրանցելու վերջնաժամկետը սեպտմեբերի 27-ն էր, սակայն, ինչպես հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, իրենք հասցրել են ստուգել բոլոր թեկնածուների փաստաթղթերն ու ավարտին հասցնել նրանց գրանցման գործընթացը:

Դեռ հայտնի չէ, սակայն, արդյոք բոլոր 23 թեկնածուները կմասնակցեն ընտրություններին, քանի որ մինչև հոկտեմբերի 17-ը թեկնածուներն ունեն ինքնաբացարկի հնարավորություն:

Հիմնական պայքարը սպասվում է երեք թեկնածուների միջև՝ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեի և Նինո Բուրջանաձեի միջև, ով ևս խորհրդարանի խոսնակ է եղել՝ 2001-2008 թվականների ընթացքում, Բաքրաձեից առաջ:

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում նախագահ կընտրեն հնգամյա ժամկետով, առաջին փուլում հաղթելու համար թեկնածուի օգտին պետք է քվեարկի ընտրությունների մասնակիցների կեսից ավելին:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո Վրաստանի փաստացի ղեկավարությունն անցնում է վարչապետին: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, սակայն, հայտարարել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնել և հեռանալ քաղաքականությունից, եթե իր կուսակցության թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանա ժողովրդի քվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG