Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը քննադատել է ՀԱՊԿ անդամ որոշ երկրների


Սոչի -- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, 23-ը սեպտեմբերի, 2013
Սոչի -- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, 23-ը սեպտեմբերի, 2013
Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով հանդիպման ժամանակ ունեցած ելույթում քննադատել է ՀԱՊԿ անդամ որոշ երկրների՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների համար։

«Մեր փաստաթղթերում, այդ թվում՝ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը, և տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաև համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասել է Հայաստանի նախագահը:

«Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ: Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ ՀԱՊ անդամ մահմեդական պետությունները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ են, և այդ կազմակերպությունը Ղարաբաղի հարցում ունի ընդգծված ադրբեջանամետ դիրորոշում։ Բացի այդ, Ղազախստանն ու Ղրղըզստանը նաև Թուրքալեզու պետությունների միության անդամ են, ավելին՝ երկու երկրների պաշտոնյաները Բաքվում հայտարարել են, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Իսկ ոչ մահմեդական մյուս երկու պետությունները՝ Ռուսաստանն ու Բելառուսը, նույնպես բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ և այդ երկրին պարբերաբար զենք են վաճառում։

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև սիրիական հակամարտությանը՝ ընդգծելով, որ Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային ամենամոտը տեղակայված ՀԱՊԿ անդամ պետությունը և Սիրիայում ունենալով բազմահազարանոց համայնք, ավելի սուր է զգում բոլոր ռիսկերը և սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար:

«Մենք Սիրիայում հակամարտության առաջին իսկ օրերից հանդես էինք գալիս դրա շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին՝ համազգային երկխոսության հիման վրա: Այդ կապակցությամբ միջազգային հանրության, մասնավորապես՝ Սիրիայի հետ հարևան պետությունների դերը, պետք է կայանար հենց այդ երկխոսության աջակցության մեջ՝ հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը: Այս համատեքստում մենք միանշանակ ողջունում ենք ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG