Մատչելիության հղումներ

Փոքր կենտրոնի գովազդային վահանակները կփոխարինվեն ավելի փոքրերով


Երևանի քաղաքապետարանի գովազդի և արտաքին ձևավորման վարչությունը որոշել է մինչև տարվա վերջ Փոքր կենտրոնի բոլոր՝ դեպի փողոց ձգվող, միջին և մեծ չափերի գովազդային վահանակները փոխարինել նոր փոքր չափերի վահանակներով։ Կհեռացվի 106 վահանակ և կփոխարինվի նորերով։

Գովազդային ընկերությունները քաղաքապետարանի պահանջով հոգալու են վահանակները հանելու ու նորերով փոխարինելու ծախսերը։ Գովազդի ու արտաքին ձևավորման վարչության պետ Արազ Բաղդասարյանն ասաց, որ ընկերությունների հետ համաձայնության են եկել, նրանք դեմ չեն մեծ վահանակները փոքրերով փոխարինել։

«Մեկ տարվա ընթացքում մենք բանակցային գործընթացի միջոցով հասել ենք այն բանին, որ այսօրվանից սկսած ապամոնտաժվելու են վահանակները։ Արտաքին գովազդը քաղաքի ընդհանուր տեսքի բաղկացուցիչ մասն է, և մեր կարծիքով՝ այն ճիշտ կազմակերպված պետք է լինի», - ասաց քաղաքապետարանի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Երևանի կենտրոնում գովազդ տեղադրող ընկերություններից մեկի՝ «Զեբրա» գովազդային ընկերության տնօրեն Թամարա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց ընկերությունում խնդիր չեն տեսնում և վահանակների չափերը պատրաստ են փոխել, միայն թե վստահ լինեն, որ նույն տեղում կրկին կկարողանան գովազդ տեղադնել։

Քաղաքապետարանի վարչության պետը վստահեցրեց, որ վահանակները փոխելու արդյունքում ոչ մի ընկերություն չի զրկվի իրեն պատկանող տեղերից. ամեն հեռացվող վահանակի փոխարեն նույն ընկերությունը կտեղադրի նոր, փոքր վահանակ։ Իսկ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ վահանակները փոքրացնելուց հետո դրանք ավելանան, քանի որ, փաստորեն, փողոցներն ավելի պակաս ծանրաբեռնված են լինելու, Արազ Բաղդասարյանը չբացառեց, թեև ասաց, որ դժվար թե լինի դրա անհրաժեշտությունը։

Քաղաքի կենտրոնում բազմաթիվ վահանակները ունեցող ու ամենամեծ գովազդային ընկերություններից մեկից՝ «Նուշիկյան ասոցացիա»-ից, որի սեփականատերերից մեկը Ազգային ժողովի պատգամավոր Գարեգին Նուշիկյանն է, ոչ մի մեկնաբանության տալ չցանկացան։

«Նուշիկյան ասոցացիա»-ից բացի կենտրոնում գովազդ է տեղադրում նաև մեկ այլ պատգամավորի ընտանիքի պատկանող ընկերություն՝ «Յունիքորն»-ը, որի սեփականատերերից է ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Հիշեցենք, երբ 2011-ին քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայից հեռացրեց գովազդային վահանակները, Գուրգեն Արսենյանը վիրավորված էր, քանի որ նրա ընկերության և մյուս ընկերությունների դեմ հարուցվել էր վարչական վարույթ։ Պատգամավորը պատրաստ էր անգամ գնալ դատարան։

«Այն ժամանակ կոնֆլիկտի հիմքում ընկած էր ոչ թե հանելու փաստը, այլ այն, որ մեզ ասում էին, թե մենք անօրինական գործունեություն ենք ծավալել», - ասաց Արսենյանը։

Այս անգամ, ըստ նրա, իրավիճակը այլ է. բանակցել են քաղաքապետարանի հետ և եկել են ընդհանուր հայտարարի։

Նշենք նաև, որ Փոքր կենտրոնից վահանակներ հեռացնելու գործընթացին զուգահեռ Երևանում ավելանում են մայթերին դրվող գովազդները՝ հեռուստացույցներ, գովազդակիր սյուներ, և այլն, որոնց վրա ապամոնտաժման որոշումը չի տարածվում։ Նոր մրցակիցներին Գուրգեն Արսենյանը վատ չի վերաբերում, նա միայն դժգոհ է ծանր հարկերից։ Գովազդային ընկերությունները վճարում են և՛ շահութահարկ, և՛ ավելացրած արժեքի հարկ, և՛ տեղական տուրք Երևանի քաղաքապետարանին։ «Այդքանով հանդերձ քաղաքապետարանը չի հոգում անգամ վահանակները փոքրացնելու ծախսերը», - ասաց Արսենյանը։

Քաղաքապետարանը 2013-ին փողոցային գովազդից արդեն ունեցել 1 միլիարդ դրամից ավելի մուտք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG