Մատչելիության հղումներ

Washington Post․ «Հայաստանը հասկացավ ակնարկը»


Ամերիկյան հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը:

«Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան դիվանագիտական նախաձեռնությունների վրա, Վլադիմիր Պուտինն այդ ընթացքում իրականացրեց անհամեմատ անաղմուկ, սակայն շատ ավելի նշանակալից մի դիվանագիտական քայլ: Եռամյա ինտենսիվ բանակցություններից հետո Ռուսաստանի հարևան Հայաստանը, որն արդեն իսկ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման նախաշեմին էր, կտրուկ հայտարարեց այդ նախագծերից հրաժարվելու մասին»: Այս մասին գրում է ամերիկյան Washington Post հեղինակավոր պարբերականի մեկնաբանն ու շարունակում․ - «Փոխանակ միանալու աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտուն, որը ներառում է առավել զարգացած ժողովրդավարական համակարգեր ունեցող մի շարք երկրներ, Հայաստանը որոշեց միանալ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին ու անդամակցել եվրասիական Մաքսային միությանը»:

Ամերիկյան պարբերականն այս համատեքստում հիշեցնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած բացատրությունները, թե անվտանգության հարցով Հայաստանը կախում ունի Ռուսաստանից, բացի այդ, այդ երկրում առկա է հայկական մեծ համայնք:

«Սակայն, այս բացատրությունները տարօրինակ են», - տարակուսում է պարբերականն ու նշում․ - «բազմաթիվ ռազմական դաշինքներ, այդ թվում ՆԱՏՕ-ն, իրենց անդամներին չեն պարտադրում անդամակցել մաքսային միությունների, բացի այդ, էմիգրանտների ներկայությունը մի երկրում չի կարող ազդեցություն ունենալ այլ երկրի հետ վարվող առևտրային քաղաքականության վրա»:

Washington Post-ի հոդվածագիրը փորձում է սեփական բացատրությունը տալ կատարվածին՝ հիշեցնելով վերջին շրջանում Հայաստանում տիրող անհանգստությունը: Ըստ այդմ, այդ անհանգստության պատճառը վերջին շաբաթներին Հայաստանի հիմնական ախոյան Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի սիրախաղն էր:

«Հայաստանը հասկացավ ակնարկը, քանի որ, հակառակ պարագայում Ռուսաստանը կարող էր էլ ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին, ինչպես նաև արտաքսել Ռուսաստանում բնակվող հայերին», - գրում է Washington Post-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG