Մատչելիության հղումներ

ՀԿ-ները Առաքելյանի հարցով դիմել են միջազգային կառույցներին


Հայաստան -- Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը (ձախից) իր գործով դատական լսումների ժամանակ, Երևան, 9-ը օգոստոսի, 2013թ․

Հայաստան -- Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը (ձախից) իր գործով դատական լսումների ժամանակ, Երևան, 9-ը օգոստոսի, 2013թ․

Հայաստանյան շուրջ երկու տասնյակ հասարական կազմակերպություններ դիմել են մի շարք միջազգային կառույցների՝ խնդրելով ջանքեր գործադրել ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի արդարացի քննության և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԽԽՎ-ի և նախարարների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղած նամակում հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումների կապակցությամբ:

Ինչպես նշում էր դիմումին միացած «Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Հարությունյանը Վճռաբեկ դատարանը, վճիռը բեկանելով, որոշակի իրավիճակ փոխեց՝ ուստի հիմա հնարավոր է այսպիսի ճնշումների միջոցով հասնել արդարադատության:

«Հույս ունենք, որ տրամաբանությունից դուրս՝ իրենց տրամաբանությամբ գործող իշխանությունները մի պահ կարող են վերադառնալ համընդհանուր տրամաբանության ոլորտ և հասկանալ, որ չի կարելի․․․ չի կարելի խեղել ճակատագրեր, չի կարելի անմեղ մարդկանց բանտերում պահել, չի կարելի Տիգրան Առաքելյանի պես երիտասարդին բանտում պահել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հարությունյանը, - «Հույս ունենք մենք: Դիմում ենք միջազգային հանրությանը, դիմում են հասարակությանը, դիմում ենք նաև հենց այս իշխանությունը բռնազավթած խամաճիկներին»:

Վկայակոչելով մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը, տեղական հասարակական կազմակերպությունները հորդորում են միջազգային կառույցներին պահանջել Հայաստանի իշխանություններից կատարել մարդու իրավունքների բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները:

«Ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ դատարանը չի իրականացրել գործի պատշաճ, լիարժեք և բազմակողմանի քննություն՝ հաշվի չառնելով բազմաթիվ վկայություններ և խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններ»,- նշվում է դիմումում:

Մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարելու է համաներում, որը տարածվելու է նաև Տիգրան Առաքելյանի վրա, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ դա չի կարող հարցի լուծում լինել․

«Սա Տիգրան Առաքելյանի ազատ արձակման լուծում է, բայց ոչ հարցի լուծում, որովհետև դառնում է արդեն սովորություն հայաստանյան իշխանության համար՝ ձերբակալել 1, 5, 10, 20, 100 և ավելի քաղբանտարկյալներ, պահել տարիներ շարունակ բանտերում, հետո, մի ինչ-որ առիթով համաներում հայտարարել և ազատ արձակել, ասելով, որ տեսեք՝ ես ինչքան լավն եմ: Ես ուզում եմ, որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի արդարադատության կայացրած վճռով, դատարանի կայացրած վճռով, այլ ոչ քաղաքական իշխանության կամքով կամ չկամքով», - մեկնաբանում է իրավապաշտպանը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ, թեև ստորագրել է այս հայտարարության տակ, բայց ասում էր, որ որևէ ակնկալիք չունի դատական իշխանություններից: Ընդհակառակը, Լևոն Բարսեղյանի համոզմամբ, Վերաքննիչ դատարանը դարձյալ ուժի մեջ է թողնելու առաջին ատյանի վճիռը:

«Ժամանակ է ուզում շահել ռեժիմը՝ պահել բանտում, և իդեալական դեպքում ինչ-որ համաներմամբ արձակել այս երիտասարդին, և մարդը մնա դատված, ոչ թե արդարացված», - ասում է Բարսեղյանը, - «Ամոթալի է, որ ռեժիմը մտածում է, որ, ասենք, այդ մի երիտասարդին պատանդ պահելով, կամ 40 հոգի պատանդ պահելով, մարդկանց բերանը կարող է փակել, կամ ազատ ապրելու ձգտումը դրանով մարել»:

Իրավապաշտպանները մատնացույց են անում վերջին երաշխավորագիրը․ տասնյակ մարդկանց ստորագրությունները հիմք չդարձան դատարանի համար՝ փոխելու Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը կասկած չունի, որ դատավորը իշխանությունների թելադրանքով է որոշում կայացրել․ - «Տիգրան Առաքելյանի վերջին դատական նիստի հետ կապված նույնիսկ ես ակնկալիքներ ունեի, որ կարող է դատարանը ազատ արձակեր՝ խափանման միջոցը փոխեր: Ես մի բան կարող եմ ասել՝ դատական համակարգը ուղղակի ամբողջությամբ ծառայում է մի խումբ մարդկանց, որոնք ինչ-որ մի տեղ նստած որոշումներ են կայացնում՝ ում բանտարկել, ում ազատել, ում հետ հաշվեհարդար տեսնել: Դատարաններն այսօր հաշվեհարդար տեսնելու վայր են»:

Ստեղծված իրավիճակը և առաջիկայում սպասվող համաներումը Ժաննա Ալեքսանյանը համեմատում էր 2008 թվականի մարտի մեկից հետո տեղի ունեցող իրադարձությունների հետ:
XS
SM
MD
LG