Մատչելիության հղումներ

Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման


Վարդան Սեդրակյանը դատարանի դահիլճում՝ դատավճռի հրապարակումից հետո, Երևան, 23-ը սեպտեմբերի, 2013թ․

Վարդան Սեդրակյանը դատարանի դահիլճում՝ դատավճռի հրապարակումից հետո, Երևան, 23-ը սեպտեմբերի, 2013թ․

Գործով մյուս երկու ամբաստանյալները՝ Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը դատապարտվեցին, համապատասխանաբար, 14 և 12 տարվա ազատազրկման:

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Գործով մյուս երկու ամբաստանյալները՝ մահափորձը կազմակերպելու և իրականացնելու մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը դատապարտվեցին, համապատասխանաբար, 14 և 12 տարվա ազատազրկման:

Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը նախապես ավելի մեղմ՝ 12 տարվա ազատազրկում էր պահանջել Սեդրակյանի համար:

Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով՝ սա այնպիսի դատավարություն էր, որ ամեն ինչ կարելի էր ակնկալել։ Պատիժը 14 տարով խիստ էր, ասում է Սիրունյանը ու հավելում, որ Սեդրակյանն «այս գործի հետ կապ չունի»։

«Քանի որ մեր դատավարությունը առաջին իսկ օրվանից ընթացել է աչքաչափով, ոչ թե օրենքի պահանջներին համապատասխան, պատիժն էլ նշանակում են աչքաչափով։ Կարող է և կրակել են, կարող է և Պարույր Հայրիկյանի վրա, ի՞նչ կապ ունի Վարդանը դրա հետ»,- ասաց փաստաբանը։

Սիրունյանը փոխանցեց, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը Վերաքննիչ դատարանում, իսկ Հայաստանի դատական ատյանները սպառելուց հետո դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այսինքն՝ չե՞ն վստահում Հայաստանի արդարադատությանը, փաստաբանը արձագանքեց, թե, համենայն դեպս, «կյանքը չի ավարտվում Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանով»:

Գործով տուժող Պարույր Հայրիկյանը այսօր ներկա չէր դատավճռի ընթերցմանը, սակայն «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դատարանի որոշումը իրեն չի գոհացրել, քանի որ դատարանը հրաժարվեց «կծիկը մինչև վերջ քանդել»։ Ըստ Հայրիկյանի՝ մահափորձի պատվիրատուն այդպես էլ բացահայտված չէ։

«Այդպես էլ հանցագործության շարժառիթը չնշվեց։ Այո, Սեդրակյանը ընդամենը միջնորդ է»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք մտավախություն ունի՞, որ գործի պատվիրատուն դեռ ազատության մեջ է, Հայրիկյանը պատասխանեց.- «Չէ, ես մտավախություն չունեմ բացարձակապես, ես համոզված եմ, որ պատվիրատուն КГБ-ի գործակալական ցանցն էր, նախկին, թե՝ ներկա, չգիտեմ»։
XS
SM
MD
LG