Մատչելիության հղումներ

Քենիայում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 68 մարդ


«Վեսթգեյթ» առևտրի կենտրոն, այցելուն զոհվել է ահաբեկչական գրոհի ընթացքում, Նայրոբի, Քենիա, 21 սեպտեմբերի, 2013թ.

«Վեսթգեյթ» առևտրի կենտրոն, այցելուն զոհվել է ահաբեկչական գրոհի ընթացքում, Նայրոբի, Քենիա, 21 սեպտեմբերի, 2013թ.

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մի խումբ դիմակավորված ահաբեկիչներ սեպտեմբերի 21-ին ներխուժել են «Վեսթգեյթ» առևտրի շքեղ կենտրոն։

Ահաբեկիչները հայտարարել են, որ կենտրոնում գտնվող բոլոր մահմեդականները կարող են հեռանալ, ապա կրակ են բացել ոչ մահմեդական այցելուների և աշխատողների վրա, ինչից հետո մեծ թվով մարդկանց պատանդառել են։

Սեպտեմբերի 22-ի դրությամբ զոհերի թիվն առնվազն 68 է, վիրավորվել է 175 մարդ, պատանդների թվում կա մոտ 30 մարդ։

Քենիայի իշխանությունները հաղորդել են, որ առևտրի կենտրոնում գրոհի պահին գտնվող մարդկանց մեծ մասին` մոտ հազար մարդու, անվտանգության ծառայությունը կարողացել է դուրս հանել շենքից։

Քենիայի բանակի հատուկ ստորաբաժանումը հսկողության տակ է վերցրել կենտրոնի մեծ մասը և այս պահին պատրաստվում է իրականացնել ահաբեկիչներին վնասազերծելու լայնածավալ գործողություն։

Հաղորդվում է, որ առևտրի կենտրոնը գրավել են «Ալ-Շաբաաբ» մահմեդական ծայրահեղական խմբավորման 10-15 զինյալներ։ «Ալ-Շաբաաբ»-ը համարվում է «Ալ-Ղաիդա»-ի մասնաճյուղը, որը դիրքավորվել է Սոմալիում։

Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ահաբեկիչները պահանջներ են ներկայացրել, և ո՞րն է նրանց ձեռնարկած գրոհի նպատակը։

Միջազգային համայնքը խստորեն դատապարտել է «Ալ-Շաբաաբ» խմբավորման գրոհը։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG