Մատչելիության հղումներ

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց


Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում, հունիս, 2013թ.

Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում, հունիս, 2013թ.

Պաշտպանը պատրաստվում է հնգօրյա ժամկետում բողոքարկել դատարանի այդ որոշումը։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի որոշմամբ, սեպտեմբերի 22-ի երեկոյան կալանավորվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Դաատարանը կալանքի որոշումը կայացրեց շուրջ 5 ժամ տևած դռնփակ նիստից հետո:

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանն ասաց, որ հնգօրյա ժամկետում բողոքարկելու է կալանքի որոշումը:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը երկու օր առաջ հայտարարել էր, թե Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: Նա, մասնավորապես, մեղադրվում է «խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով» հիշյալ քաղաքացուց 2 հազար դոլար հափշտակելու մեջ:

Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրած պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչ Գևորգ Խաչիկյանը հրաժարվեց Ավետիսյանին կալանավորելու կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալուց:

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը կալանքի որոշումից հետո ասաց, որ դատարանը մերժել է իր պաշտպանյալին 3 միլիոն դրամ (մոտ 7 հազար 400 դոլար) և 5 միավոր անշարժ գույքի գրավով ազատելու միջնորդությունը: Դատարանը, ըստ փաստաբանի, «հիմնավորել է, թե Վոլոդյա Ավետիսյանը ազատության մեջ լինելով՝ կարող է խոչընդոտել նախաքննությանը և կարող է կատարել նոր հանցագործություն»։

Ի դեպ, փաստաբան Զաքարյանը դատարանին ներկայացրել է 20 ազատամարտիկների երաշխավորություն, որ Վոլոդյա Ավետիսյանը ազատության մեջ լինելով «չի խոչընդոտի քննչական գործողություններին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Վոլոդյա Ավետիսյանն ընդունե՞լ է մեղադրանքը, Արա Զաքարյանը պատասխանեց․ - «Ինքը հրաժարվել է ընդհանրապես որևիցե բան ասել քննչական մարմնին և հրապարակավ կասի այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնի»:

Հարցին՝ հայտնի՞ է արդյոք իրենց, թե ով է և նախկինում Ավետիսյանի հետ ինչ կապ է ունեցել Հ․ Զաքարյանը, որի անունը նշված է պաշտպանության նախարարության քննչական ծառայության հաղորդագրությունում, իրականում ինչ է եղել 2 հազար դոլարի հետ կապված, փաստաբանը արձագանքեց․ - «Որպես այդպիսին, կարելի է ասել՝ ինչքան ձեզ է հայտնի, այդքան էլ՝ ինձ»:

Արդյոք իր պաշտպանյալը չի՞ ճանաչում Հ․ Զաքարյանին՝ այս կապակցությամբ էլ Արա Զաքարյանը ասաց․ - «Այդ հարցի առթիվ ինքը [Վոլոդյա Ավետիսյանը] ոչ մի բան չի ուզում ասի այս պահի դրությամբ»:

«Միջին ծանրության հանցագործության մեջ են մեղադրում, որի համար նաև որպես պատիժ նախատեսված է տուգանք, ասեմ ավելին՝ շրջանառության մեջ են այն լուրերը, որ մոտակա օրերս Ազգային ժողովի կողմից պետք է համաներման ակտ կիրառվի, իսկ եթե համաներման ակտ որպես այդպիսին ընդունվեց Ազգային ժողովի կողմից, ապա անկախ ամեն ինչից այս հոդվածի վրա տարածվելու է», - նշեց փաստաբանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ Արա Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ համաներումը իր պաշտպանյալի վրա կարող է տարածվել նաև գործի՝ նախաքննության փուլում գտնվելու ժամանակ․ - «Կապ չունի՝ հաշվի առնելով, որ ազատամարտիկ է, մասնակցել է մարտական գործողություններին, համաներման ակտ ինչքան ընդունվել է մինչ օրս, բոլորի տեքստերը, կարելի է ասել, երևի թե չնչին տարբերություն ունեն, տվյալ պարագայում պաշտպանյալիս վրա կիրառվող պետք է լինի»:

Վոլոդյա Ավետիսյանը վերջին շրջանում ազատամարտիկների բողոքի ակցիաների նախաձեռնողներից է: Այդ ակցիաները սկսվել են Երևանի Ազատության հրապարակում նրա նստացույցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG