Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնում է անկախության հռչակման 22-րդ տարեդարձը


1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեն վճռական «այո» ասաց անկախությանը՝ ծնունդ տալով Հայաստանի Հանրապետությանը:

Տոնի կապակցությամբ այսօր «Եռաբլուր» պանթեոն են այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ հարգանքի տուրք մատուցելով իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Այսօր մեր պետականության վերականգնման պանծալի օրն է, որը խնդությամբ տոնախմբում ենք` հիշելով, որ այն ձեռք է բերվել սերունդների մաքառումի ու զոհողության գնով: Ապավինելով Աստծուն` մեր ժողովուրդը միշտ հուսաց անկախության այս նվիրական արշալույսը` իբրև պայման ու երաշխիք իր ազգային զարթոնքի: Սիրելիներ, մեր նոր պետականությունը դժվարին, բայց վերընթաց ուղի է անցել: Այսօր էլ քիչ չեն հոգսերն ու մտահոգությունները, որոնք պիտի հաղթահարվեն մեր անխոնջ ջանքերով, նախանձախնդրությամբ, նվիրումով ու սիրով, որոնցով կերտել ենք մեր անկախ պետականությունը: Պիտի հոգանք ազատ Հայաստանի ամեն օրվա համար` հանուն մեր հայրենիքի կենսունակության և առաջընթացի, հանուն համայն հայության միացյալ և պայծառ ապագայի», - ասված է տոնի կապակցությամբ Վեհափառ Հայրապետի հղած ուղերձում:

Տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

«22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց նրա հետագա զարգացման ընթացքը: Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում: Ես ավելի քան վստահ եմ, որ համատեղ ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարձանագրի նոր ձեռքբերումներ ու կհասնի ազգային նպատակների իրագործմանը», - ասված է ուղերձում:

Այսօր տոնական բազմատեսակ միջոցառումներ են նախատեսված ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG