Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը կոչ արեց պայքարի համազգային ճակատ ձևավորել


«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին Ազատության հրապարակում, 20-ը սեպտեմբերի, 2013
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին Ազատության հրապարակում, 20-ը սեպտեմբերի, 2013
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ուրբաթ օրը Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին՝ Մաքսային միությանը միանալու որոշման համար:

Նախագահի նախկին թեկնածուն համոզմունք հայտնեց, որ վտանգված է Հայաստանի պետականությունը, ուստի սա պետք է պետք է լինի վերջին տարին, որ հայ ժողովուրդը ապրի «նման ստրկացման, ստորացման և իրավազրկման մեջ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ կոչ արեց պայքարի համազգային ճակատ ձևավորել։

«Անհրաժեշտ է, որ օր առաջ, ով կազմակերպեց այդ հանցագործությունը փետրվարի 18-ին, ով նախաձեռնեց Հայաստան-Թուրքիա հակապետական արձանագրությունները, ով խորացրեց մադրիդյան հակասահմանադրական սկզբունքները և ով մի քանի շաբաթ առաջ միանձյա, ստրկացված և ստորացված վիճակում հայտարարեց Հայաստանի իշխանությունը ուրիշին ենթարկեցնել, պետք է հեռանա, ուրիշ ճար չկա»,- ասաց նա։

Հանրահավաքից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց, որ կոշտացնելու է պայքարի միջոցները։

«Բազմիցս ասել եմ՝ ժողովրդավարական Հայաստանը և ժողովրդավարական Ռուսաստանը լավագույն բարեկամներ կարող են լինել և լավագույն գործընկերներ։ Բայց ինքներդ կարող եք տեսնել, որ մեր Առաքելական եկեղեցու բացման, օծման առիթով այդ հյուրընկալ երկրի ոչ մի պաշտոնյա չեկավ։ Անգամ Թուրքիայում, որը մեղմ ասած ռազմավարական գործընկեր չէ, եզակի եկեղեցու բացման ժամանակ պատկան մարմինները գալիս և մասնակցում են։ Այստեղ կա արհամարհանք և այդ արհամարհանքի, այդ հեգնանքի համար ես չեմ մեղադրում ոչ Ռուսաստանին, ոչ Եվրոպային։ Սա մեր մեղքն է, մենք վաստակեցինք այդ վերաբերմունքը, և դա մենք պետք է փոխենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հաջորդ շաբաթ Հովհաննիսյանը դարձյալ մեկնելու է Սյունիքի մարզ՝ սատարելու 38-րդ ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածուին:

Այսօրվա հանրահավաքին մասնակցում էր նաև Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը։ Իր ելույթում նախագահի նախկին թեկնածուն ասաց՝ հույս ուներ, որ Մոսկվայից վերադառնալուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարեր, թե ճնշումների ներքո է արել այդ հայտարարությունը:

«Տագնապներ կան, որ վաղը բոլորը հրաժարվելու են Մաքսային միությունից, որովհետև բռնապետության կամքով ստեղծված միավորումը միշտ լինում է ժամանակավոր, և մնալու են միայն Ռուսաստանը և Հայաստանը: Այսինքն աշխարհի աչքի առաջ մեզ ոչ թե փորձեցին ներգրավվել Մաքսային միությանը, այլ փչացնել», - ասաց Հայրիկյանը։

Հայրիկյանը ստորագրահավաք է սկսում «բացարձակ ժողովրդավարության սկզբունքներ ներդնելու» պահանջով:
XS
SM
MD
LG