Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Գյումրիում մասնակցեց նորակառույց դպրոցի բացմանը


 Գյումրիում բացվեց նորակառույց երաժշտական դպրոցը
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նորակառույց շենքը հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի նախագահի և աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանի մասնակցությամբ:

Ավելի քան 25 տարի տնակային պայմաններում գործած դպրոցը բրիտանացի ռոք աստղերի, մասնավորապես Յան Գիլանի նախաձեռնությամբ, վերջապես ունեցավ բարեկարգ շենք:

Չորս տարի առաջ Գյումրի այցելած Գիլանը դպրոցի շենքի շինարարությունն իրականություն դարձնելու համար կազմակերպեց բարեգործական ձայնասկավառակի թողարկում, համերգներ` արդյունքում հանգանակելով 125 հազար դոլար, որին ավելացավ այս տարվա ամռանը ՀՀ նախագահի հանձնարարականով Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 10 միլիոն դրամը և Հայ օգնության ֆոնդի (մասնավորապես «Մարտիկյանների ընտանիք» հիմնադրամի) շնորհիվ դեռ անցյալ տարի հավաքված 350 հազար դոլարը:

Հատուկ դպրոցի բացմանը մասնակցելու համար Հայաստան ժամանած Գիլանը իր խոսքում ասաց. - «Վերջապես հասանք մեր նախաձեռնության ավարտին: Երբ տեսա այս շենքը, պարզապես աչքերս լցվեցին, որովհետև շատ գեղեցիկ ու լավ ստացվեց այս շենքը… Ես արդեն լսում եմ երաժշտությունը»:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև մասնակցեց «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Արտէքսպո» միջազգային ցուցահանդեսին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վանդան Ղուկասյանի հրավերով ծանոթացավ Ամենափրկիչ եկեղեցում ընթացող շինարարական աշխատանքներին (ուշագրավ է, որ նախագահին ուղեկցող գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը եկեղեցի չմտավ):

Ավելի ուշ երկրի նախագահը դռնփակ խորհրդակցություն անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում:

Խորհրդակցության ավարտին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին փոխանցեց. - «Խոսել ենք պետական այն ծրագրերի մասին, որոնք այսօր իրականացվում են Գյումրիում: Դրանից հետո մենք առաջարկել ենք այն ծրագրերը, որոնք կուզենայինք տեսնել, այսինքն` այն աշխատանքները, որոնք կուզենայինք, որ Գյումրիում կատարվեին: Հանրապետության նախագահը լսել է մեր առաջարկությունները, եղել են կոնկրետ հանձնարարականներ: Եվ խոստացել է մեզ, որ եկող տարվա համար մեր աշխատանքների կատարման համար լրացուցիչ գումարներ կհատկացվեն: Այդ աշխատանքները հիմնականում վերաբերում են կոյուղագծերի կառուցմանը, ճանապարհաշինությանը և կոնկրետ մի քանի օբյեկտների հետ կապված, որոնք չէի ուզենա շարունակել»:

«[Նախագահի կողմից] կոնկրետ պահանջ է դրվել տնակային տնտեսությունը վերացնել», - հավելեց մարզպետը:
XS
SM
MD
LG